Մշակույթ

«24/04» նվագախումբը վերջին փորձերն է կատարում ապրիլի 24-ի համերգին ընդառաջ

4 րոպեի ընթերցում

«24/04» նվագախումբը վերջին փորձերն է կատարում ապրիլի 24-ի համերգին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 43 երկրների 123 երաժիշտներից բաղկացած «24/04» նվագախումբը վերջին փորձերն է կատարում ապրիլի 24-ի համերգին ընդառաջ: Երաժիշտներն իրենց կատարումներով փաստում են՝ պատրաստ են հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: «Վերածնունդ» խորագրով համերգը տեղի կունենա ժամը 20:15-ին Հանրապետության հրապարակում:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փորձի ժամանակ լրագրողների հետ զրույցում կարևորեց իրադարձության անցկացումը:

«Բացառիկ համերգ է ոչ միայն այն առումով, որ եկել են լավագույն երաժիշտները, այլև, որ մենք կատարում ենք հայկական երաժշտություն, որն ստեղծվել է հարյուր տարվա ընթացքում: Եվ նվագում են երաժիշտներ, որոնք եկել են Հայաստան՝ հասկանալով խնդիրը, ասելիքը և գաղափարը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Սերգեյ Սմբատյանը:

ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորի խոսքով՝ «24/04» նվագախմբում ընդգրկված են լավագույն երաժիշտներ: «Մենք պետք է շատ լավ գիտակցենք, որ կարողանում ենք արվեստով, երաժշտությամբ մեր ասելիքը, գաղափարը, խնդիրը ներկայացնել մարդկանց՝ հասկանալով, որ 43 երկրից երաժիշտներ են եկել, որոնք կարող են բան փոխել աշխարհում»,-հավելեց Սերգեյ Սմբատյանը:

Սմբատյանի խոսքով՝ համերգը բաղկացած է չորս փուլից՝ «Հիշողություն», «Երախտագիտություն», «Միջազգային պայքար», «Վերածնունդ», որոնցից յուրաքանչյուրը ղեկավարելու է մեկ դիրիժոր:

Նվագախմբի կազմում ելույթ կունենան երաժիշտներ աշխարհի տարբեր ծայրերից` Հայաստանից, Արգենտինայից, Ավստրիայից, Բելգիայից, Բոլիվիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Կոլումբիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Իտալիայից, ԱՄՆ-ից և այլն: Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահար, միջազգային մրցույթների հաղթող, Յան Սիբելիուսի անվան միջազգային մրցույթի դափնեկիր, Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար, Պ. Ի. Չայկովսկու անվան, Կորեայի Geongnam, ԱՄՆ-ի Johansen երիտասարդ կատարողների, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյանը, դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանը:

Մենակատարների թվում են նաև բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան Մարիա Գուլեգինան, ով այսօր աշխարհում ամենամեծ պահանջարկ վայելող սոպրանոներից է:

Չորս մասից բաղկացած համերգում կհնչեն Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Մակար Եկմալյանի, Ավետ Տերտերյանի, Էդուարդ Միրզոյանի և այլոց ստեղծագործությունները:

Ելույթներն ուղեկցվելու են տեսապատկերներով, որոնց միջոցով կներկայացվեն Արևմտյան Հայաստանի բնակավայրերը, մշակույթը, հայկական ավանդույթները: Կցուցադրվեն տեսարաններ ջարդից, գաղթի ճանապարհից: Անդրադարձ կլինի մեծ հումանիստներին, ովքեր կարևոր դեր են ունեցել հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների պաշտպանության, հայ գաղթականների փրկության հարցում:

Համերգը ղեկավարելու են դիրիժորներ Հովհաննես Չեքիջյանը,Սերգեյ Սմբատյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում