Լրագրողները Հայոց ցեղասպանության մասին իրենց հարցապնդումներով ծանր կացության մեջ են դրել ԱՄՆ պետդեպի խոսնակին
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետքարտուղարության ամենօրյա ճեպազրույցի ժամանակ լրագրողները մի շարք հարցապնդումներ են կատարել Հայոց ցեղասպանության մասին նախագահ Բարաք Օբամայի ապրիլքասանչորսյան ուղերձի և խոստումը հերթական անգամ չկատարելու մասին` անհարմար իրադրության մեջ են դնելով գերատեսչության գործող խոսնակ Մարի Հարֆին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` լրագրողները նախ հարցրել են, թե ինչու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Բարաք Օբաման կրկին որոշեց չկատարել 2008 թվականին տված իր նախընտրական խոստումը:
«Մենք գիտենք, որ որոշները հույս ունեին այս տարի լսել այլ բառապաշար: Մենք անկասկած հասկանում ենք նրանց տեսանկյունը: Ճիշտ այնպես, ինչպես մենք գտնում ենք, որ նախկին տարիներին մեր ունեցած մոտեցումը հարցի վերաբերյալ շարունակում է մնալ ճիշտ ուղին: Ես կրկնում եմˋ մոտեցումը, որ մենք որդեգրել ենք այս տարիˋ ուղղված է ինչպես անցյալի ճանաչմանը, այնպես էլ տարածաշրջանային գործընկերների հետ համագործակցությանը: Սա մի բան է, որ մենք կարևոր ենք համարում: Նախագահը մշտապես իր տեսակետներն է հայտնել 1915 թվականի կատարվածի վերաբերյալ: Կրկին, մենք տեղյակ ենք, որ որոշ շրջանակներ մեզնից այլ բառապաշար էին սպասում լսել»,- ասել է Հարֆը:
Չբավարարվելով պետքարտուղարության խոսնակի պատասխանով` լրագրողները փորձել են այլ կերպ ձևակերպել հարցը, խնդրելով մեկնաբանել, թե արդյոք սա չի նշանակում, որ Բարաք Օբաման անձամբ ընդունում է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը և տեղահանությունները ցեղասպանություն են, սակայն միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշվել է այլ բան ասել և արդյոք ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններն այնքան փխրուն են, որ Միացյալ Նահանգները խուսափում է իրերը կոչել իրենց անուններով:
Ի պատասխան Մարի Հարֆը հաստատել է, որ իսկապես այս հարցի հետ առնչություն ունեցող ԱՄՆ գերատեսչությունները քննարկում են ունեցել, որի ընթացքում էլ որոշվել է, թե ինչ պետք է ասվի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձում: «Ես կարծում եմ, որ նախագահն այս տարվա իր հայտարարությունում կրկին կհիշատակի 100-րդ տարելիցի պատմական նշանակությունը, ինչպես նախորդ տարիներին, և կսգա 1.5 մլն հայերի դաժան մահը,- հավելել է նա,- Ես կարծում եմ` դուք ուժեղ ելույթ կլսեք նախագահից Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 մլն հայերի տեղահանությունների և կոտորածների պատմական փաստի մասին»: