ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմներն ամրապնդելու համար անհրաժեշտ է ընդունել Ցեղասպանության հանցագործության վերաբերյալ երկրորդ կոնվենցիան: Նման տեսակետ արտահայտեց ամերիկահայ պատմաբան, Բոսթոնի համալսարանի գրականագետ Սիմոն Փայասլյանը «Ցեղասապանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» գիտաժողովի ընթացքում, որն անցկացվում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում: «Ցեղասպանության մասին ներկայիս կոնվենցիան շատ բան չի ասում կանխարգելման վերաբերյալ: Այն պարունակում է պատժի օրինակներ, բայց ոչ կանխարգելման: Հիմնվելով ՄԱԿ-ի կողմից ընդունված պաշտպանելու ունակության դրույթի վրա` պետք է մշակվի Ցեղասպանության թիվ 2 կոնվենցիան, որը հատկապես ուղղակիորեն կանդրադառնա կանխարգելմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սիմոն Փայասլյանը:
Նրա խոսքով` ապրիլի 22-23-ին Երևանում անցկացվող Գլոբալ ֆորումը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության շուրջ համաշխարհային իրազեկվածության բարձրացումը Հայաստանի համար նշյալ երկրորդ կոնվենցիայի մշակման աշխատանքներում ներգրավվելու հիանալի առիթ են: «Թիվ 2 կոնվենցիան պետք է հրատապ միջամտության համակարգ մշակի, խաղաղապահ աշխատանքների, զինվորական միջամտության հնարավորություն տա նման դեպքերում: Առանց զինվորական միջամտության հնարավոր չի լինի կանխարգելել ցեղասպանությունները, քանի որ ցեղասպան պետությունը զինվորական ուժերն է օգտագործում իր զոհերի դեմ»,- ասաց Սիմոն Փայասլյանը:
«Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիա»-ն ընդունվել է 1948թ. Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից և ուժի մեջ է մտել 1951թ. հունվարին: Այն ներկայացնում է ցեղասպանության իրավական սահմանումը և իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից իրականացվող բազմամյա արշավի հանգուցակետն է, ով ստեղծեց «գենոցիդ» եզրը` հենվելով ասորիների կոտորածների, Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության վրա: Բոլոր մասնակից երկրներին խորհուրդ է տրվում կանխել և պատժել ցեղասպանության գործողությունները պատերազմական և խաղաղ իրավիճակներում: Մինչ այժմ կոնվենցիան վավերացրել է 137 երկիր: