Հայոց ցեղասպանություն

Հայաստանը կարող է ցեղասպանագիտական թեմաների զարգացման առաջամարտիկ լինել. Գագիկ Հարությունյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանը կարող է ցեղասպանագիտական թեմաների զարգացման առաջամարտիկ լինել. Գագիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Հայոց ցեղասպանության իրավական ճանաչման տեսանկյունից կարևորում է անառարկելի փաստերի և իրավական հիմնավորումների մշակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՍԴ նախագահը խոսեց «Ցեղասապանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» գիտաժողովի ժամանակ, որն անցկացվում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում: «Ես վտանգ եմ տեսնում նրանում, որ յուրաքանչյուր հայկական կազմակերպություն տեղի-անտեղի հայտարարում է, որ հասնելու ենք դատարան` Եվրոպական դատարան, Թուրքիայի դատարան և այլն: Դրա համար իրավական լուրջ հիմնավորումներ են անհրաժեշտ, որոնք կլինեն անառարկելի, որպեսզի նոր մտնենք որոշակի գործընթացի մեջ: Եթե այդպիսի գործընթացների արդյունքում մեկ կամ երկու դեպքերում պարտություն կրենք, հետ կգլորվենք: Պետք է սթափ ձևով գնահատենք` ինչ կա, բացահայտենք բացերը, թույլ օղակները ու, միայն դրանք հաղթահարելով, համակարգային մոտեցում ցուցաբերենք»,-ասաց Գագիկ Հարությունյանը:

ՍԴ նախագահի խոսքով` ձևավորված աշխատանքային խումբը, որում ներգրավված են միջազգային իրավունքի մասնագետներ, սահմանադրագետներ, քաղաքագետներ, ուսումնասիրում է Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հիմքերը: «Կան չորս ուղղություններ, որոնց վրա խումբը սևեռել է իր ուշադրությունը: Առաջինը` Հայոց ցեղասպանության հանդեպ կիրառելի իրավունքի հիմնահարցերն են:

Երկրորդը` Հայոց ցեղասպանություն համար Թուրքիային միջազգային պատասխանատվության ենթարկելու իրավաչափության հարցն է: Այստեղ քննարկվում է իրավահաջորդության հարցը: Երրորդը` իրավական պատասխանատվության ձևերի, տեսակների որոշակիացման հիմնախնդիրներն են` հաշվի առնելով միջազգային նախադեպերը: Չորրորդը` պատասխանատվության եղանակների ու միջոցների իրավական հիմքերի հստակեցումն է»,-նշեց Գագիկ Հարությունյանը:

ՍԴ նախագահի խոսքով` Հայաստանը կարող է առաջամարտիկ լինել ցեղասպանագիտական թեմաներով և դերակատարություն ունենալ «ցեղասպանություն» եզրույթի իմաստավորման ու դրա իրական իրացման ճանապարհին: «Ես ժամանակին առաջարկել էի, որ այս ֆորումն անվանենք ցեղասպանություն ապրած ժողովուրդների համաշխարհային ֆորում, որի շրջանակներում նաև քայլ կատարենք ստեղծել ցեղասպանագիտության միջազգային կենտրոն Հայաստանում»,-հայտնեց Գագիկ Հարությունյանը: Նա նշեց, որ մինչ միջազգային կենտրոնի հիմումը, աշխատանքներ են տարվում տեղական կենտրոն ստեղծելու ուղղությամբ, արդեն կա կանոնադրությունը, պատրաստ է հայեցակարգը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում