Ցեղասպանագետների հանրությունը կշարունակի պայքարել ընդդեմ ժխտողականության. Դանիել Ֆեյերստեյն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այն, ինչ թուրքերը գործեցին հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության վերջին տարիներին, ցեղասպանություն էր եւ չի կարող որեւէ կերպ կասկածի տակ դրվել»,- ասում է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերստեյնը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ապրիլի 22-ին Երեւանում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ Ֆեյերստեյնը նշեց, որ հենց այդ ցեղասպանությունների ժխտումը հիմք հանդիսացավ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի ստեղծման համար: Այսօր ասոցիացիան ոչ միայն ուսումնասիրում եւ տարբեր տեսանկյուններից ներկայացնում է ցեղասպանությունները, այլեւ տարբեր ուղիներով պայքարում ժխտողականության դեմ:
«Այսօր ցանկանում եմ վերահաստատել, որ ցեղասպանագետների հանրությունը պատրաստ է պայքարել ընդդեմ ժխտողականության և պայքարել հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման համար»,-հայտարարեց Դանիել Ֆեյերստեյնը:
Շարունակելով ներկայացնել ցեղասպանություն եզրույթի վերաբերյալ տարատեսակ մեկնաբանությունները՝ ցեղասպանագետն ասաց, որ կատարված հանցագործություններն ունեին մեկ նպատակ` ուժի միջոցով վերափոխել հասարակությունը: «Պանթուրքիզմը, նացիզմը առաջնորդվում էին հասարակությունների վերափոխման սկզբունքով: Նույն գաղափարախոսությունն էր նաեւ Կամբոջայում, Ռուանդայում, Լատինական Ամերիկայում: Պանթուրքիզմի նպատակն էր հասնել հասարակության միատարրացմանը, վերափոխել Օսմանյան կայսրությունը այդ խմբերին վերափոխելու միջոցով»,- ասաց նա:
Լուսանկարը`www.lmneuquen.com.ar