3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Ուբեռլինգեն քաղաքում 2016 թվականին կբացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես: «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահՍոնաՀարությունյանը ապրիլի 21-ին հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ ցուցահանդեսը կկրի «Հայաստանը երեկ և այսօր. արվեստ և լուսանկարչություն1975-2015թթ.» խորագիրը: Նա նշեց, որ այս տարի Ուբեռլինգեն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանն առնչվող ասուլիս:
«Ուբեռլինգեն քաղաքն իր պատկերասրահում 2016 թվականին կներկայացվի հայ ժամանակակից արվեստը: Կներկայացվեն այնպիսի արվեստագետների գործեր, ովքեր մեծ դեր են ունեցել հայ ժամանակակից արվեստի ձևավորման և կայացման գործում: Ցուցահանդեսին ներկայացվելու են երեք սերնդի հեղինակների ստեղծագործություններ՝ Վազգեն Բաժբեուկ- Մելիքյանի, Կամո Նիգարյանի, Նարեկ Ավետիսյանի, իսկ երիտասարդ սերնդից՝ Օվսաննա Շեկոյանի և Վահան Ռումելյանի գործերը: Ցուցահանդեսին ներկայացվելու է նաև հայ լուսանակարչությունը՝ Գագիկ Հարությունյանի աշխատանքներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սոնա Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ցուցահանդեսը 2016 թվականին անցկացնելը գիտակցված ընտրություն էր, որովհետև այս տարի բազմաթիվ միջոցառումներ և նախաձեռնությոններ են լինելու, և որպեսզի «հույզերի ու սպասումների ալիքը» չմարի, իրենք փորձել են հաջորդ տարի միջոցառումներ իրականացնել Գերմանիայում:
Հայ նկարիչների ընտրությունը կատարվել է գերմանացի արվետագետի կողմից: Ցուցահանդեսը այցելուների համար բաց է լինելու 2016-ի հունիսից մինչև նոյեմբերը: «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամն այս տարվա համար նախաձեռնել է այլ ցուցահանդեսներ: Մայիսի 11-ին հայ նկարիչ Տիգրան Կիրակոսյանը Գերմանիայի Հալե քաղաքի Գեղարվեստի ակադեմիայի արվեստանոցում կբացի իր «Ձայներ անցյալից» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հոկտեմբերին Երևանում Գերմանիայի և Հայաստանի արվեստագետները համատեղ իրականացնելու են նախագիծ Արմին Վեգների՝ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նամակների մասին: Բացի տարելիցին նվիրված միջոցառումներից՝ նախատեսված է անցկացնել նաև այլ ցուցահանդեսներ: