Քաղաքականություն

Վահե Էնֆիաջյանը կարևորում է ՀՀ ԱԺ-ի կողմից Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունումը

2 րոպեի ընթերցում

Վահե Էնֆիաջյանը կարևորում է ՀՀ ԱԺ-ի կողմից Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը համոզված է, որ Ազգային ժողովը ապրիլի 21-ի արտահերթ նիստում միաձայն կընդունի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությունը: Ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Էնֆիաջյանն ընդգծեց, որ այդ հայտարարության ընդունումը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ դրանով բոլոր երկրների խորհրդարաններին և միջազգային այլ կառույցների կոչ է արվում ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: «Մենք շատ ենք կարևորում այս հայտարարությունը, և կարծում եմ, որ Ազգային ժողովի կողմից սխալ կլիներ նման նախաձեռնությամբ հանդես չգալը: Ես համոզված եմ, որ մենք միաձայն ընդունելու ենք այս հայտարարությունը՝ հերթական անգամ ցույց տալով մեր միասնականությունն այս հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Էնֆիաջյանը:

Էնֆիաջյանը նշեց, որ այս օրերին հայ ժողովուրդը պետք է միասնական լինի և աշխարհի համար ներկայանալի դարձնի իր պահանջատիրությունը: Պատգամավորն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագծի հեղինակը ընդդիմադիր խմբակցության՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է, իսկ հայտարարությանը միացել են բոլոր խմբակցությունները: Նրա խոսքով՝ սա էլ խոսում է այն մասին, որ Հայաստանում բոլոր քաղաքական ուժերը միասնական են այս հարցում՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից:

Պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ ապրիլի 21-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց կլինի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության ընդունումը: Հայտարարության քննարկումն անավարտ էր մնացել ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում