Սփյուռք

Լիբանանի ազգային ուժերը ողջունել են Հռոմի պապի կեցվածքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

2 րոպեի ընթերցում

Լիբանանի ազգային ուժերը ողջունել են Հռոմի պապի կեցվածքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի ազգային ուժերը և կուսակցությունները «Շաղզոյան» կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են տեղական, արաբական և շրջանային վերջին իրադարձությունները:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ լիբանանյան «Ազդակ» օրաթերթից: Հանդիպման ընթացքում նաև խոսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին: Մասնակիցները դատապարտել են օսմանյան իշխանության կազմակերպած ջարդերը՝ իրենց զորակցությունը հայտնելով իրավազրկված հայ ժողովրդին:

Ժողովի մասնակիցները ողջունել են Հռոմի պապի կեցվածքը, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ նշելով, որ օսմանյան ջարդերն այսօր կրկնվում են Սիրիայում հավատադրժողական ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք վայելում են օսմանյան բռնատիրությունը վերահաստատել ձգտող Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը: Այն բռնատիրության, որ այսօր ցանկանում է վերահաստատվել թուրքական գաղտնի ծառայության ցանցերի կողմից զինվող և ֆինանսավորվող ԻՊ-ի և «Ջաբհա ան նուսրայի» ահաբեկիչների կողմից ծերերի, կանանց և երեխաների արյան ու դիակների վրա:

Ավելի վաղ հայ քաղաքական երեք կուսակցություններ ներկայացնող պատվիրակությունն այցելել էր Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամին և զեկուցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ապրիլի 24-ին Լիբանանում տեղի ունենալիք միջոցառումների մասին:

Հանդիպումից հետո ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներակայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին հայտարարել է, որ պատվիրակությունը վարչապետ Սալամից խնդրել է զորակցություն ցուցաբերել ապրիլի 24-ին տեղի ունենալիք միջոցառումների համար: Պատվիրակությունը նաև կոչ է ուղղել լիբանանյան քաղաքական բոլոր կողմերին հարգել հայության քաղաքական կամքը և հայության մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում