Սփյուռք

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել Մինսկում

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել Մինսկում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկի Բարեկամության տանը ապրիլի 16-ին Բելառուսում ՀՀ դեսպանությունը հայ համայնքի աջակցությամբ կազմակերպել էր ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել բելառուսահայ նկարիչներ և քանդակագործներ Գրիգոր Դանիելյանը, Լևոն Դարբինյանը, Արմեն Սարդարովը, Սպարտակ Հարությունյանը և Հռիփսիմե Գևորգյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսին ներկա էին Բելառուսում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Բացման խոսքով հանդես եկավ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը՝ խոսելով 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից հայ ազգի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին: Դեսպանը նշեց, որ հոգևոր արժեքներով, հավատքով ու ապրելու տենչով ապրող ու ստեղծագործող ազգը սպանելն անհնար է: Նա իր շնորհակալությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր կիսում են հայ ժողովրդի վիշտը:

Ելույթով հանդես եկավ նաև Բելառուս-Հայաստան բարեկամության ընկերակցության նախագահ Նաում Գալպերովիչը:

Ցուցահանդեսին ներկայացված էին նաև Արևմտյան Հայաստանի գեղատեսիլ վայրերին, հայկական ճարտարապետության կոթողներին, կրթօջախներին, մշակութային ժառանգությանը և Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվային նկարներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում