Մշակույթ

Հարություն Խաչատրյանը վարպետության դաս կվարի Նյոնի միջազգային կինոփառատոնում

2 րոպեի ընթերցում

Հարություն Խաչատրյանը վարպետության դաս կվարի Նյոնի միջազգային կինոփառատոնում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՇվեյցարիայիՆյոն քաղաքի «Vision du Reel» միջազգային կինոփառատոնում կներկայացվեն կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Հարություն Խաչատրյանի ֆիլմերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով փառատոնի պաշտոնական՝ visionsdureel.ch կայքը, փառատոնը տեղի կունենա ապրիլի 17-25-ը: Հարություն Խաչատրյանը Նյոնի փառատոնի ընթացքում հանդես կգա նաև վարպետության դասով, որը բաց կլինի հանրության համար: Նա կանդրադառնա նաև Հայոց ցեղասպանությանը:

Նյոնի «Vision du Reel» կինոփառատոնն աշխարհի մեծագույն փառատոներից է վավերագրական կինոյի ոլորտում: Այնտեղ նախորդ տարի ցուցադրվեց նաև Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ֆիլմի՝ «Հայկ. փախուստ»-ը:

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Հարություն Խաչատրյանը ծնվել է 1955թ. Ախալքալակում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժինը: Նույն թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի և օպերատորի օգնական, երկրորդ ռեժիսոր, բեմադրող ռեժիսոր: Նկարահանել է մի շարք վավերագրական և խաղարկային ֆիլմեր, որոնք արժանացել են միջազգային պարգևների և մրցանակների: Հիմնադրել է Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը: 2003թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 2007թ.` Նիդերլանդների արքայազն Քլաուսի մրցանակին: 2008թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանով: 2012թ. արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն ռեժիսոր» մրցանակին, 2013թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում