Քաղաքականություն

Ուրուգվայի ներկայացուցիչների պալատում կայացել է արտահերթ նիստ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի

2 րոպեի ընթերցում

Ուրուգվայի ներկայացուցիչների պալատում կայացել է արտահերթ նիստ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի

ՄՈՆՏԵՎԻԴեՈ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի ներկայացուցիչների պալատում ավարտվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արտահերթ նիստը:

‹‹Արմենպրես››-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչն ասաց, որ արտահերթ նիստը բավական երկար է տեւել, քանի որ ներկա են եղել բոլոր կուսակցություններ, և բազմաթիվ պատգամավորներ ցանկացել են ելույթ ունենալ:

Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Սուսաննա Պերեյրան իր ելույթում կարեւորել է Ուրուգվայում հայ ժողովրդի հիշողության պահպանումը: Նա խոսել է հայ եւ ուրուգվայցի ժողովուրդների բարեկամության մասին՝ շեշտելով, որ տեղի հայ համայնքը մեծագույն ներդրում է ունեցել այդ բարեկամության կայացման գործում: Պերեյրան պատմել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած ընտրությունների ժամանակ իր դիտորդական առաքելության մասին:

Մեկ այլ ներկայացուցիչ՝ Խորխե Գուեկչյանը պատմել է իր հայկական ծագման մասին՝ նշելով, որ իր մայրը, ով ցեղասպանության ժամանակ ընդամենը 8 տարեկան է եղել, փրկվել է թուրքերից՝ թաքնվելով անապատի քարանձավներից մեկում: Սակայն գաղթի ճանապարհին եղած հազարավոր փոքրիկների դա չի հաջողվել:

Գիլիերմո Ֆասելոն էլ խոսել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի կարեւորության մասին՝ հավելելով, որ չպետք է տարանջատում դրվի Հոլոքոստի եւ Հայերի ցեղասպանության միջեւ:

Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Դանիել Ռադիոն էլ պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի հայտարարությանը, թե որտեղ են Հայոց ցեղասպանության ապացույցները:

‹‹Հայ ժողովուրդը քարոզչության կարիք չունի: Դրա համար կան երկրների խորհրդարաններ, դրա համար կա Ուրուգվայի խորհրդարանը եւ մենք դա անում առանց մեղքի զգացումի, առանց բարդույթների, քանի որ մենք գիտենք, որ մեր արածը բարոյական է եւ գիտենք, որ 50 տարի առաջ այս նույն շենքում Հայոց ցեղասպանության մասին օրինագիծ ընդունածներն էլ բարոյական էին եւ նավթով կեղտոտված չէին››,- ասել է նա:

Լուսանկարը՝ Արփի Հոչաչանյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում