Մշակույթ

Փարիզում Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ կանցկացվի

4 րոպեի ընթերցում

Փարիզում Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի հայտնի «Գավո» սրահում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ կկազմակերպվի: Իրադարձության նախաձեռնողը օպերային երգիչ Մուրադ Ամիրխանյանն է (Ադամ Բարրո): Հայտնի արտիստների մասնակցությամբ համերգը տեղի կունենա ապրիլի 25-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ադամ Բարրոն, ով այժմ հանդես է գալիս հենց այս կեղծանվամբ, տեղեկացրեց, որ «Գավո» սրահում հայ երգն ըստ արժանվույն կհնչի:

«Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման «100 համերգ Հայաստանի համար» միջոցառման շրջանակներում իմ նախաձեռնությամբ իրականացվող հերթական համերգային ծրագրում հանդես կգան ֆրանսիացի բարձրակարգ երգիչ-երգչուհիներ, ովքեր մաքրամաքուր հայերենով կներկայացնեն Կոմիտասի «Կռունկ, ուստի կուգաս»-ը՝ Ֆաննի Քրուեի մեկնաբանությամբ, Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործությունը Ջուլիա Քնեքտի մեկնաբանությամբ:Ջութակահարուհի Հիլդեգարդ Ֆեզնոն առաջին անգամ կկնատարի Կոմիտասի «Ծիրանի ծառ»-ը»,-նշեց օպերային երգիչը:

Ադամ Բարրոյի խոսքով՝ մեկ այլ արտիստ՝ իտալացի դաշնակահար Դավիդ Պերրոնը առաջին անգամ կներկայացնի Բաբաջանյանի «Էլեգիա»-ն և առաջին անգամ դերասանուհի և արձակագիր Անահիտ Թոփչյանի մեկնաբանությամբ Փարիզում կհնչի Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն»-ը «Դլե յաման» դուդուկի հնչյունների ներքո:Կկատարգվեն նաև բազմաթիվ այլ ստեղծագործություններ:

«Համերգի սկիզբը կազդարարեն երկու երգչուհիներ՝ մոմերը ձեռքներին, ովքեր առաջին անգամ կերգեն Բաբաջանյանի «Վոկալիզ»-ը՝ հիշատակելով մեր անմեղ զոհերին: Այս համերգը նվիրվում է Հայոց ցեղասպանության յուրաքանչյուր զոհի հիշատակին՝ երեխա, կին, տարեց, ուսուցիչ, պոետ, վանական, մշակ, գյուղացի, վաճառական, փաստաբան, բժիշկ, ինժեներ և այլն: Բազմաթիվ արվեստագետներ որոշել են հավաքվել «Գավո»-ի բեմում՝ կատարելու օպերային հանրաճանաչ արիաներ և հայկական երգեր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի»-հավելեց օպերային երգիչը:

Նրա խոսքով՝ համերգի ավարտին ամբողջ կազմը հայերեն կերգի Հովհաննես Թումանյանի բանաստեղշությամբ գրված Ալեքսանդր Հարությունյանի «Հայրենիքիս հետ» ստեղծագործությունը:

«Կինս և երեխաներս մի քանի օր առաջ հեռուստացույց էին դիտում, և հայտնաբերեցին, որ մի երիտասարդ, որի անունն է Մանուկ Հարությունյան, մանջութ անունով գործիք է ստեղծել: Որոշեցի գալ Հայաստան և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մանուկ Հարությունյանի նվագակցությամբ ապրիլի 17-ին երգել Կաչինիի «Ավե Մարիան», հետո հանգիստ խղճով գնալ Ֆրանսիա՝ հանդես գալու «Գավո» սրահում անցկացվելիք համերգիթում»,-նշեց Ադամ Բարրոն:

Նրա խոսքով՝ իր «100 համերգ Հայաստանի համար» նախագծի շրջանակում տարբեր վայրերում անցկացվել և շարունակվում են տեղի ունենալ համերգներ, որոնց մասնակցում են տարբեր արտիստներ: Ամեն անգամ հնչում է նախորդից տարբերվող ծրագիր: Առաջիկայում համերգներ են նախատեսված Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում:

«Իմ երջանկահիշատակ ծնողների հիշատակին 10 տարի շարունակ Փարիզում և այլ երկրներում հանդես եմ եկել որպես Մուրադ Ամիրխանյան, որպեսզի իմ ազգը և ծնողներս երկնքում չասեն, որ ես փոխել եմ անունս, որպեսզի կայանամ որպես օպերային երգիչ: Ֆրանսիայում Ամիրխանյան չեն կարողանում արտաբերել, և որոշեցի այսուհետև հանդես գալ որպես Ադամ Բարրո»,-եզրափակեց երգիչը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում