Քաղաքականություն

ԵԽ նոր բանաձևի նպատակն է քաղաքական տեսանկյունից դիտարկել Հայոց ցեղասպանության հարցը. ԵԽ պատգամավոր

4 րոպեի ընթերցում

ԵԽ նոր բանաձևի նպատակն է քաղաքական տեսանկյունից դիտարկել Հայոց ցեղասպանության հարցը. ԵԽ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդարանում ներկայումս քննարկվող բանաձևի նախագծի նպատակն է քաղաքական տեսանկյունից դիտարկել Հայոց ցեղասպանության հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 15-ին Եվորպական խորհրդարանի դահլիճում նման տեսակետ հայտնեց Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Պանզելինո Կլոպյեն՝ Հայոց ցեղասպանության բանաձևի նախագծի քննարկման ժամանակ:

«Անցյալն ընդունելու Թուրքիայի անկարողությունը բարդացնում է դեպի Եվրոպա տանող իր ուղին: Տարաշրջանային երկիր հանդիսացող Թուրքիան պետք է մտածի այս մասին: Սեփական անցյալի հետ առերեսումը անհրաժեշտ է, որպեսզի ամոքենք անցյալի վերքերը և կարողանանք առաջ գնալ: Թուրքիայի ձեռքերում է, որ այն սկսի իր պատմության նոր ժողովրդավարական փուլ», - ասաց նա:

«Ցեղասպանության առաջին գործողությունը մարդկանց բնաջնջումն է, իսկ վերջինը՝ այդ ցեղասպանության ժխտումը: Մեկ տարվա մեջ 1.5 մլն տղամարդ, կին և երեխա սպանվեցին Օսմանյան կայսրությունում միայն նրա համար, որ հայեր էին: Սա ցեղասպանություն է, և այս պալատում ոչ ոք չի կարող ժխտել դա: Այդ մասին նշել է նաև օսմանյան դատարանը: Թուրք պատմաբանները նույնպես դա անվանում են ցեղասպանություն: Դրա համար բավարար հիմքեր է տալիս նաև արխիվների ուսումնասիրությունը: Թուրքական քաղաքականությունը կարող է փորձել ստել մեզ, բայց հիշեք, որ պատմությունը գրում են հաղթողները»,- ասաց Եվրոպական խորհրդարանում Իտալիան ներկայացնող պատգամավոր Լաուրա Աջեն:

Ֆրանսիացի Էդուարդ Ֆերոնդն նույնպես իր համերաշխությունը հայտնեց աշխարհի հայերին՝ նշելով, որ Ֆրանսիան երբևէ չի դադարել պաշտպանել Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Այստեղ՝ Եվրոպական խորհրդարանում, կցանկանայի դիմել Թուրքիային: Դիրքորոշումը, որ ունի պարոն Էրդողանն, ահավոր է: Նա շարունակում է հերքել Հայոց ցեղասպանությունը, այնինչ Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերն սպանվեցին, որովհետև քրիստոնյա էին», -ընդգծեց նա:

Իսկ ԵԽ-ի լատվիացի խորհրդարանական Սանդրա Կալնիյետեն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին կոչ արեց հայ և թուրք գործիչներին, մտավորականներին, հիմք ընդունելով այս նիստը, աշխատել հաշտեցման ուղղությամբ: «Մենք պետք է ճանաչենք պատմությունը: Մենք պետք է ընդունենք, որ մարդկանց սպանդ է տեղի ունեցել: 1915 թվականի տեղի ունեցածը ցեղասպանություն էր, որի զոհը հայ ժողովուրդն էր: 100 տարի է անցել այդ ժամանակվաից, սակայն այն շարունակում է խոչընդոտել հայ-թուրքական հարաբերություններին»,- շեշտեց լատվիացի պատգամավորը և հավելեց. «Ժողովուրդները պատասխանատու են իրենց սեփական պատմության համար, և ես հույս ունեմ, որ թուրք ժողովուրդը կկարողանա ստանձնել այս պատասխանատվությունը»:

Եվրոպայի խորհրդարանում ավարտվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը: Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ:

Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում էր ընդունել դեռևս 2005թ. սեպտեմբերի 28-ին: Իսկ 1987 թվականի հունիսի 18-ին նույն կառույցի ընդունած բանաձևում մասնավորապես նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը գտնում է, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են, ինչպես որ սահմանվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման կոնվենցիայում: Եվրոպայի օրենսդիր մարմինը սույն փաստաթղթով կոչ է անում Խորհրդին այնպես անել, որ ժամանակակից Թուրքիայի կառավարությունը ճանաչի 1915-1917 թվականների Հայոց ցեղասպանությունը, նաև՝ երկխոսություն հաստատել Թուրքիայի և հայերի միջև:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում