Եվրախորհրդարանում քննարկում են Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը. ՈՒՂԻՂ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդարանը րոպեներ առաջ սկսեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի քննարկումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` բանաձևով առաջարկվելու և հանձնարարվելու է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ այս բանաձևի ընդունման կարևորությունն ընդգծել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ուլրիկե Լունաչեկը: Իսկ թուրքական «Դողան» գործակալությանը տված հարցազրույցում ԵԽ մեկ այլ փոխնախագահ Անտոնիո Տայանին, անդրադառնալով ապրիլի 15-ին կայանլիք քննարկմանը, նշել էր. «Ոչ ոք որևէ օգուտ չունի Հայոց ցեղասպանությունը ժխտելուց»: Նրա խոսքով` քննարկման դրված բանաձևն աշխարհին ուղղված ուղերձ է, որ «այլևս ցեղասպանություններ չլինեն»:
Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում էր ընդունել դեռևս 2005թ. սեպտեմբերի 28-ին: Իսկ 1987 թվականի հունիսի 18-ին նույն կառույցի ընդունած բանաձևում մասնավորապես նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը գտնում է, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են, ինչպես որ սահմանվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման կոնվենցիայում: Եվրոպայի օրենսդիր մարմինը սույն փաստաթղթով կոչ է անում Խորհրդին այնպես անել, որ ժամանակակից Թուրքիայի կառավարությունը ճանաչի 1915-1917 թվականների Հայոց ցեղասպանությունը, նաև երկխոսություն հաստատել Թուրքիայի և հայերի միջև:
Վիդեոն`yerkirmedia.am