Սփյուռք

Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգում բացվել է «Հայաստանի արծիվը» հուշարձանը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգում բացվել է «Հայաստանի արծիվը» հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պատրիկ Դևեջյանի նախաձեռնությամբ ապրիլի 11-ին Օ-դը-Սեն նահանգի «Սո» պարտեզներում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ընթացքում հանդիսավորությամբ բացվել է քանդակագործ Թորոս Ռաստկլանի հեղինակած «Հայաստանի արծիվը» հուշարձանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը, Անտոնիի հայ-ֆրանսիական ակումբի ղեկավար Վիսամ Նեմեն, տեղական իշխանությունների և ֆրանսահայ կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դեսպան Չիտեչյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Պատրիկ Դևեջյանին՝ գեղեցիկ նախաձեռնության և քանդակագործ Թորոս Ռաստկլանին՝ իր հիասքանչ ստեղծագործության համար:

Անդրադառնալով տեղական իշխանությունների կողմից Հայաստանի բնակավայրերի հետ ապակենտրոնացված համագործակցությանը՝ դեսպան Չիտեչյանն իր գոհունակությունն է հայտնել Անտոնի քաղաքի և Երևանի Դավթաշեն վարչական շրջանի միջև վերջերս պաշտոնականացված բարեկամական համագործակցության առնչությամբ: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը համամարդկային արժեքներին նվիրվածության վկայություն է», - նշել է դեսպանը՝ դիմելով նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում