Սփյուռք

Կառավարությունը շարունակում է աջակցել սիրիահայերին բոլոր ուղղություններով

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը շարունակում է աջակցել սիրիահայերին բոլոր ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ճգնաժամը շարունակվում է, ինչի հետևանքով շարունակվում է Սիրիայից հայրենիք վերադարձող հայերի հոսքը: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին: «Սիրիայից վերադարձող մեր հայրենակիցներին միացել են նաև Ուկրաինայի և Իրաքի մեր հայրենակիցները, սակայն Ուկրաինայից և Իրաքից մենք այդքան հոսք չունենք, որքան Սիրիայից: Այսօր ես կարող եմ ասել, որ կառավարությունը բազմաթիվ օրենքներ և որոշումներ է փոխել, որպեսզի սիրիահայերը կարողանան այստեղ իրենց խնդիրները հիմնականում անվճար կարգավորել: Մենք փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման կենտրոնի հետ կազմակերպել ենք երկամսյա 7 դասընթացներ, որոնց մասնակցել են 149 սիրիահայեր, և 100 բիզնես ծրագրեր ներկայացրած սիրիահայերից 74-ի ծրագրերը հավանության են արժանացել: Նրանց տրամադրվել են 5 միլիոն դրամի արտոնյալ վարկեր: Եվ պետք է ասեմ, որ սիրիահայերը շատ արագ ինտեգրվում են մեր տնտեսությանը: Նրանք նաև մեզ մոտ բերել են աշխատանքային նոր մշակույթ, և չկա որևէ գործատու, որ դժգոհ լինի սիրիահայերից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Հակոբյանը

Կառավարությունն էական քայլեր է ձեռնարկում նաև սիրիահայերի համար մատչելի պայմաններով կրթություն ապահովելու համար: Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ կառավարության որոշմամբ՝ ինչպես նաև բարեգործական մի շարք կազմակերպությունների աջակցությամբ, 500-ից ավելի սիրիահայ ուսանողներ անվճար կրթություն են ստանում հայաստանյան բուհերում, ևս 1000-ից ավելի սիրիահայ աշակերտներ դպրոցներում ստանում են անվճար կրթություն:

Հրանուշ Հակոբյանը նաև հայտնեց, որ ՀՀ առոսջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակներում շուրջ 100 միլիոն դրամ է հատկացրել սիրիահայերի առողջական խնդիրները լուծելու համար: «Ֆինանսների նախարարությունն էլ հիմնականում լուծել է նրանց մաքսային խնդիրները: Մենք մշակել ենք նաև ինտեգրման առանձին ծրագիր, որի շրջանակներում լուծում ենք երեխաների հանգստի և ուսման խնդիրը»,- ասաց ՀՀ Սփյուռքի նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում