Տնտեսություն

Կառավարությունը երկրի տնտեսության զարգացման լուրջ ծրագրեր է իրականացնում. Հովիկ Աբրահամյան

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը երկրի տնտեսության զարգացման լուրջ ծրագրեր է իրականացնում. Հովիկ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լուրջ ծրագրեր է իրականացնում երկրի տնտեսությունը զարգացնելու համար, որոնց արդյունքները կերևան առաջիկայում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե վերջին շրջանում ակտիվացած հարկային ստուգումները, որոնց արդյունքում տուգանվել են նաև ՀՀԿ-ի անդամ գործիչների կողմից ղեկավարվող տնտեսվարողներ, մտնո՞ւմ են այդ ծրագրերի մեջ, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ հարկեր պետք է վճարեն բոլորը: «Հարկերը պետք է վճարեն բոլորը՝ լինի դա Հանրապետական, թե մեկ այլ կուսակցության ներկայացուցիչ: Ես դա ասել եմ առաջին օրվանից, երբ նշանակվել եմ վարչապետ: Եվ ես իմ դիրքորոշումը չեմ փոխել: Դա գործընթաց է, որը պետք է լինի շարունակական, և բոլորը պետք է վճարեն: Հիմա բոլորս հասկանում ենք, որ միանգամից չի ստացվի, նույնիսկ քննադատողներ կան, սակայն դա ինձ չի ստիպում, որ ես չշարունակեմ այդ գործընթացը, և պատկան մարմինների գործունեությունն էլ իմ ուշադրության կենտրոնում է: Պետք է ամեն ինչ անենք, որ նվազագույնի հասցնենք նման դեպքերը»,- նշեց վարչապետը:

Անդրադառնալով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե Հայաստանում տնտեսական առաջընթաց այս տարիների ընթացքում չի գրանցվել՝ վարչապետն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը մտահոգություններ ունի երկրի տնտեսական իրավիճակի հետ կապված, սակայն դա կապված է ընդհանուր տնտեսական իրավիճակի, աշխարհում ընթացող բոլոր գործընթացների, տարածաշրջանի, նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների հետ: «Եվ մենք անում ենք քայլեր, որոնք նվազեցնելու են ռիսկերը: Եվ ես համոզված եմ, որ մենք ապագայում՝ տարվա կեսից կունենանք լուրջ ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում տնտեսական ակտիվություն կնկատվի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Հարցին, թե մեկ տարվա մեջ չի՞ հաջողվել իրականացնել այդ լուրջ ծրագրերը, որոնք խոստացել է, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը շարունակում է իրականացնել այդ ծրագրերը: «Ծրագրերը կյանքի են կոչվում: Դրանք կարող են ազդել երկրի տնտեսության ակտիվացման վրա»,- վստահեցրեց վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում