Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ճրագալույցի Սուրբ Պատարագին

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ճրագալույցի Սուրբ Պատարագին

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվելէ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ս. Պատարագին ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարար և ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավոր Սեյրան Օհանյանը տիկնոջ հետ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատարագիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն էր: Հընթացս Ս. Պատարագի հայր սուրբն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը Սուրբ Հարության տոնի առթիվ, ապա հավուր պատշաճի քարոզ խոսեց: Ճրագալույցի Ս. Պատարագի վերջում ի լուր աշխարհի տրվեց Սուրբ Հարության Ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Հավարտ Ս. Պատարագի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվեց տնօրհնեքի արարողություն: Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալները Սուրբ Սեղանից իջեցրած կանթեղից վառված մոմեր տարան՝ իրենց ընտանիքներին Տիրոջ լույսն ու Հարության լուրը փոխանցելու: Ստանալով Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությունը՝ թեմի երիտասարդները արդեն երկրորդ անգամ «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ իրականացրին: Հազարավոր հայորդիներ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց վառվող կանթեղներով ու շարականների երգեցողությամբ քայլեցին մինչև Հանրապետության հրապարակ: Քարե գորգի վրա խաչի տեսքով կանգնելով՝ նրանք Սուրբ Հարության Ավետիսը տվեցին: Երթին մասնակցում էին Արարատյան Հայրապետական թեմի, ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների երիտթևերի, Հայաստանի ազգային սկաուտական շարժման, երիտասարդական հասարակական տարբեր կազմակերպությունների անդամներ, զինվորներ, ոստիկանական ակադեմիայի սաներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում