Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀԲԸՄ կենտրոնատեղիի նորակառույց շենքի բացմանը

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀԲԸՄ կենտրոնատեղիի նորակառույց շենքի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 4-ին Երևանում ներկա է գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնատեղիի նորակառույց շենքի բացման արարողությանը:

Միության բարեսիրական, մշակութային, կրթական ու երիտասարդական ծրագրերն ընդլայնելու, ինչպես նաև հայրենական նոր ծրագրերի իրագործման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար միությունը 2010թ. սկիզբ էր դրել նոր շենքի կառուցման ծրագրին՝ մայրաքաղաքի Մելիք-Ադամյան փողոցում, ՀՀ կառավարության շենքի հարևանությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շրջայցի ընթացքում Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ ՀԲԸՄ նորակառույց շենքը զբաղեցնում է շուրջ 1300 մ/ք տարածք, որի վրա բարձրացել է հինգ հարկանի ժամանակակից շենք՝ գրասենյակային բոլոր հարմարություններով, նիստերի դահլիճներով, ցուցասրահներով ու ստորգետնյա ավտոկայանատեղիով: Պատասխանատուների հավաստմամբ, ժամանակակից շինարարական լուծումների կիրառման ու հին ճարտարապետության պատմամշակութային առանձնահատկությունների անխաթար պահպանման զուգորդմամբ վերականգնվել է նախկինում այնտեղ եղած շենքի հորինվածքը: Նախագծային ու շինարարական աշխատանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքաշինական այնպիսի պահանջների բավարարմանը, որով պահպանվել են Երևանի հին կենտրոնի միջավայրին հատուկ տարրերը:

Միության ղեկավարության համոզմամբ, Երևանի կենտրոնում բացված ՀԲԸՄ շենքը հնարավորություն կտա ընդլայնել միության կրթական, մշակութային և երիտասարդական տարաբնույթ ծրագրերը՝ դառնալով հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման նոր օջախ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում