Պաշտոնական

Վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 3-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Հարությունյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բարձր գնահատելով Արամ Հարությունյանի փորձառությունը և մասնագիտական գիտելիքները՝ վարչապետը նշել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեից ակնկալում է արդյունավետ աշխատանք ՀՀ կառավարության նախանշած մի շարք ուղղություններով:«Մենք այս տարի ունենք մի քանի կարևոր ուղղություններ, օրինակ, ջրամբարաշինությունը: Առաջնահերթ պետք է ուշադիր և հետևողական աշխատել հենց այս ուղղությամբ: Համոզված եմ, որ Ձեր փորձը և գիտելիքները կներդնեք, որպեսզի համակարգը լավ աշխատի»,- նշել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև ոռոգման համակարգի բարելավման, ջրառի կազմակերպման, ինչպես նաև կառույցի մյուս գերակա խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական աշխատանքը: Վարչապետը նշել է, որ ոլորտում շատ անելիքներ կան, և կոմիտեում ձևավորվել է պրոֆեսիոնալ թիմ, որն ի վիճակի կլինի նոր նախագահի գլխավորությամբ լուծելու ջրային տնտեսության խնդիրները:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Արամ Հարությունյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք: Իր հերթին Արամ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին ու վարչապետին վստահության համար և հավաստիացրել, որ թիմային աշխատանքով կկարողանան արդյունավետ աշխատել ու հաջողություն արձանագրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում