Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը Բյուրականում ներկա է գտնվել «Հեռանկարներ» փառատոնի ակադեմիայի բացմանը

5 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը Բյուրականում ներկա է գտնվել «Հեռանկարներ» փառատոնի ակադեմիայի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն ապրիլի 3-ին Բյուրականում ներկա են գտնվել «Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի ակադեմիայի բացմանը: Այն միակն է տարածաշրջանում և կոչված է ծառայելու որպես միջազգային դասի մենակատարներ պատրաստող երաժշտական կրթօջախ, որտեղ մեր օրերի ամենապահանջված երաժիշտները և մշակույթի ոլորտի ազդեցիկ գործիչները կանցկացնեն վարպետության դասեր և համերգներ՝ պայմաններ ստեղծելով հայ տաղանդաշատ ու հեռանկարային երիտասարդ երաժիշտների միջազգային առաջխաղացման համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախաձեռնության հեղինակները ակադեմիայի բացմանը մասնակցող հյուրերին պարզաբանել են կրթօջախի կառուցման վայրի ընտրության գաղափարը` նշելով, որ նման ակադեմիաներ սովորաբար հիմնվում են մայրաքաղաքից դուրս` ապահովելու համար քաղաքի եռուզեռից հեռու ստեղծագործական պայմաններ:

Պատասխանատուների խոսքով, հեղինակավոր երաժշտական փառատոնին կից ակադեմիաների հիմնումը նորություն չէ, այլ ամբողջ աշխարհում ընդունված երևույթ: Հայտնի են Վերբիեում, Էդինբուրգում, Քրոնբերգում, Բրյուսելում և այլուր գործող ակադեմիաները, որոնց բոլորին միավորում է երիտասարդ սերնդի երաժիշտ-կատարողներին բարձրակարգ երաժշտական մասնագիտական հմտությունների փոխանցման գաղափարը` հատուկ միջավայրում: Բյուրականը` որպես ակադեմիայի հիմնման վայր է ընտրվել մի քանի պատճառներով. այն ակադեմիական բնակավայր է, որտեղ 1947թ.-ից գործում է աստղաֆիզիկական դիտարանը: Այստեղ են գտնվում պատմության հոգևոր արժեք ներկայացնող մի շարք կոթողներ, ինչպիսիք են Սբ. Հովհաննես բազիլիկ եկեղեցին, Դղերի վանքը, Կաթողիկոսական նստավայրը, Արտավազիկ եկեղեցին, հեռու չեն Ամբերդը, Ֆիզիկայի ինստիտուտի կայանը և այլ գիտական ու կրթական կարևորություն ունեցող վայրեր:

Առաջին միջոցառումը, որ տեղի կունենա Բյուրականի ակադեմիայում, ապրիլի 11-13-ը Եվրոպական փառատոնային ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպվող փառատոնային կառավարման եռօրյա ինտենսիվ դասընթացն է` «Փառատոնային ընթերցումներ» խորագրով: Դասախոսությունների նպատակն է հայ մասնակիցներին ներկայացնել փառատոների կարևորությունը հասարակության մշակութային կյանքում և արվեստի զարգացման գործում:

Դասընթացի շրջանակներում Հայաստան ժամանած փառատոնային կառավարման առաջատար մասնագետները կծանոթացնեն փառատոների կառավարման համակարգին, նորագույն մոտեցումներին, ինչպես նաև կկիսվեն իրենց աշխատանքային հմտություններով և միջազգային փորձով:

Սերժ Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, «Բյուրական» արվեստի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, պրոֆեսոր Ստեփան Ռոստոմյանի, դաշնակահար Եվգենի Կիսինի, տարածքային ու տեղական իշխանությունների ներկայացուցիչների և այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորակառույց ակադեմիայում, ծանոթացել գործունեության համար ստեղծված պայմաններին, ծրագրերին, այնուհետև ունկնդրել է տաղանդաշատ պատանի երաժիշտների մասնակցությամբ տեղի ունեցած համերգը: Այդ պատանիներին փառատոնն արդեն ընգրկել է միջազգային մեծ բեմերում կայանալիք համերգների ծրագրում: Շնորհակալական խոսքեր են հնչել ակադեմիայի բարերարների հասցեին, որոնց թվում են՝ «Փյունիկ» հիմնադրամը, աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը:

Ակադեմիայի բացման առիթով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրվել է «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի 15-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկված ոսկե մեդալով՝ փառատոնի կայացման գործում մեծ ներդրման և աջակցության համար:

Սերժ Սարգսյանն այցելել է նաև նորաբաց կառույցի հարևանությամբ գտնվող խորհրդային տարիներին կառուցված Բյուրականի մշակույթի տուն, որն ապագայում կգործի իբրև շուրջ 800 մարդու համար նախատեսված մեծ համերգասրահ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում