ԴԱՀԿ-ի արտասահմանյան գործընկերները Երևանում կմասնակցեն Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը 2015 թվականի փետվարին պաշտոնական հրավերներ է ուղարկել Դատական կատարողների միջազգային միությանը և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործընկեր 35 երկրների հարկադիր կատարման մարմինների ղեկավարներին՝ ներկա գտնվելու ապրիլին Երևանում անցկացվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան այցելելու hրավերն ընդունել և մինչ օրս պաշտոնապես հաստատել են Դատական կատարողների միջազգային միության նախագահը և Շվեդիայի, Էստոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լիտվայի, Սլովակիայի, Սերբիայի, Վրաստանի համապատասխան կառույցների ղեկավարները: