Ցեղասպանության տարելիցին նվիրված «1915» ֆիլմի հայերեն թրեյլերը համացանցում է
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նոր՝ «1915» ֆիլմի հայերեն թրեյլերը համացանցում է: Այն հասանելի է ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայերեն թրեյլերում ներկայացված են ֆիլմի ուշագրավ տեսարանները:
«Մոռացված Ցեղասպանության 100-ամյա ուրվականները չեն հեռացել:«1915» ֆիլմն էկրաններ կբարձրանա ապրիլի 17-ին և ապրիլի 22-ից հասանելի կլինի նաև on demand ձևաչափով»,-նշված է թրեյլերին կցված գրառման մեջ:
«Դուք չեք կարող խուսափել անցյալից». հենց այս կարգախոսն ունի նոր ֆիլմը: Հասանելի է նաև ֆիլմի պաշտոնական պաստառը:
ԱՄՆ-ի արտադրած 82 րոպե տևողությամբ հոգեբանական թրիլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը, իսկ ամերիկահայ ռոք-երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրել կինոնկարի համար:
Ֆիլմը կհայտնվի նաև հայկական կինոէկրաններին: «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 25-ին:
Posted by 1915 The Movie on 30 Март 2015 г.
Ֆիլմի պաշտոնական՝ 1915themovie.com կայքը տեղեկացնում է, որ «1915»-ը հոգեբանական թրիլերը ներկայացնում է ժամանակակից պատմության ամենասոսկալի իրադարձությունները: Ֆիլմը հետևում է մի մարդու վիճելի առաքելությանը, ով ցանկություն ունի կյանքի բերել մոռացված ցեղասպանության ուրվականներին:
«Մեկ դար անց՝ 2015 թվականի ապրիլին, միլիոնավոր հայեր կհիշեն այն, ինչ կոչվում է Հայոց ցեղասպանություն՝ ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը և հաջորդ ՝ Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջայի, Սուդանի ցեղասպանությունների ծրագիրը: Այս ֆիլմը հիշողության մասին է՝ ինչ է պատահում, երբ անցյալը մերժվում է, ինչ է պատահում, երբ դրան ընդդիմանում են: Քանի որ մենք մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, «1915» ֆիլմը կոչ է անում մեզնից յուրաքանչյուրին դադարեցնել ժխտողականությունը և խիզախությամբ հանդիպել անցյալի ուրվականներին»,- նշված է ֆիլմի կայքում:
Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը /կերպարը՝ Սիմոն/, Սեմ Փեյջը /Ջեյմս/ և Անժելա Սարաֆյանը /Անժելա/: Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը հայտնի է հատկապես «Մթնշաղ. սագա. լուսաբաց», «Պարանոյա», «Ներգաղթյալ» ֆիլմերից: Դերասան Սիմոն Աբգարյանն էլ ճանաչված է «Արարատ», «Կազինո Ռոյալ», «Սպին» կինոնկարներից:
Այլ դերերում հանդես են գալիս Ջիվ Փիդոքը /Ջեֆրի/, Քորթնի Հալվերսոնը /Լաքի/, Դեբրա Քրիսթոֆերսոնը /Լիլիան/, Նիկոլայ Կինսկին /Թոնի/, Մայլս Քրանդորդը /Ռեյ/ և այլք: