Apple-ի ղեկավարը իր ամբողջ կարողությունը կհատկացնի բարեգործությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկը ծրագրում է իր ամբողջ կարողությունն օգտագործել բարեգործական նպատակներով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես Կուկը հայտնել է Fortune ամերիկյան հանդեսին տված հարցազրույցում, նա մտադիր է իր բոլոր փողերը տրամադրել բարեգործությանը, բացառությամբ այն գումարի, որը նախատեսված է իր զարմիկի կրթական ծախսերը հոգալու համար:

Apple-ի ղեկավարը մտադիր է միջոցներն ուղղորդել ՁԻԱՀ-ի տարածման դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ԱՄՆ-ի ներգաղթի համակարգի բարեփոխմանը:

Հրատարակության գնահատումների համաձայն՝ Կուկին պատկանող ակտիվների ընդհանուր արժեքը գերազանցում է 800 մլն դոլարը:

2010 թվականին ամերիկացի միլիարդատերեր Ուորեն Բաֆետը եւ Բիլ Գեյթսը նախաձեռնել են Giving Pledge մարդասիրական արշավը, որի մասնակիցները պարտավորվում են բարեգործությանը նվիրաբերել իրենց անձնական կարողության ավելի քան կեսը: Ակցիային արդեն միացել են մոլորակի 150-ից ավելի հարուստներ:

2012 թվականին Կուկը 50 մլն դոլար է նվիրաբերել Կալիֆոռնիայի նահանգի Ստենֆորդի համալսարանին առընթեր հիվանդանոցի կարիքների համար: Բացի այդ, Կուկը 50 մլն դոլար է փոխանցել Product Red միջազգային բարեգործական կազմակերպությանը, որը մասնագիտանում է ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի տարածմանը հակազդելու բնագավառում:

Հայերեն Русский