Վարչապետի մոտ քննարկվել են տնտեսության զարգացմանն առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները: Մասնավորապես, քննարկվել են տնտեսության աշխուժացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, մրցունակության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում, և ընդհանրապես, տարածաշրջանում առկա մակրոտնտեսական իրավիճակին, հնարավոր զարգացումներին, մեր երկրի տնտեսության զարգացմանն ուղղված քայլերին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատկան գերատեսչություններին՝ շարունակել տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացումը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: