Հասարակական

Հայաստանը 200 անուն գրքով մասնակցել է Փարիզի գրքի միջազգային տոնավաճառին

3 րոպեի ընթերցում

Հայաստանը 200 անուն գրքով մասնակցել է Փարիզի գրքի միջազգային տոնավաճառին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մասնակցել է մարտի 20-23-ը կայացած Փարիզի 35-րդ գրքի միջազգային տոնավաճառին (Salon du livre): Այս հեղինակավոր միջազգային հարթակին ՀՑԹԻ-ն ներկայացրել է իր լավագույն հրատարակությունները, որոնք անտարբեր չեն թողել օտարազգի ընթերցողին:

Չորս օր շարունակ աշխարհի 50 երկրների պատվիրակություններ ներկայացնում էին իրենց մշակույթն ու գրականությունը: Ցուցահանդեսին մասնակցում էին հազարավոր գրականագետներ, գրողներ, թարգմանիչներ, գիտնականներ և հրատարակիչներ: Ցուցասրահ են այցելել նաև Ֆրանսիայի Նախագահը և մշակույթի նախարարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՑԹԻ-ից,Փարիզի գրքի տոնավաճառն ամփոփվել է «Մտավորականության դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում» խորագրով կլոր սեղան-քննարկմամբ, որին մասնակցում են հայ և ֆրանսիացի մտավորականները, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ու ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, պատմաբաններ Ռայմոնդ-Հարություն Գևորգյանը, Միքայել Նիշանյանը, Իվ Տերնոնը, հոգեվերլուծաբան Ժանին Ալթունյանը, լրագրող Կայծ Մինասյանը և այլոք:

Փարիզի գրքի միջազգային ցուցահանդես- վաճառքին Հայաստանը ներկայացնում էր ՀՀ մշակույթի նախարարությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: Գրքի միջազգային սալոնին հայաստանյան տաղավարում առանձին շարքով ներկայացված էր Հայոց ցեղասպանությանը նվիրված Հայաստանում և արտերկրում տպագրված բազմալեզու գրականություն:

Մշակույթի նախարարության տեղեկացմամբ`Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:Հայկական տաղավարում ներկայացված է եղել Հայաստանում պետական պատվերով և մասնավոր հրատարակչությունների տպագրած շուրջ 200 անուն գիրք: Գեղարվեստական, պատմական, արվեստաբանական, գիտահանրամատչելի գրականությունն այստեղ ներկայացված է հայերենով, անգլերենով, ֆրանսերենով: Առանձին բաժին է հատկացված Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերին, որտեղ ներկայացված են այդ թեմայով վերջին տարիներին տպագրված բազմաթիվ արժեքավոր գրքեր: Հայաստանյան հրատարակությունների կողքին ցուցադրված է նաև ֆրանսահայ հրատարակիչների և գրողների ֆրանսերենով տպագրված գրականությունը։

Տոնավաճառի օրերին հեղինակների մասնակցությամբ անցկացվել են գրքերի շնորհանդեսներ: Մասնավորապես, ներկայացվել են Հրանտ Նորշենի «Հայկական հետքեր Ֆրանսիայում» հանրամատչելի ձեռնարկը, Ալեքսանդր Սիրանոսյանի «Տիգրանի մետամորֆոզները» երկհատորյակը, Արա Գրիգորյանի «Քրիստափոր Միքայելյանը և թուրք սուլթանը» պատմագրությունը, Հարություն Խաչատուրյանի «Խաչքարերի արվեստը» արվեստաբանական վերլուծությունը և այլն։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում