Պաշտոնական

Եվրոպական ընտանիքը միակարծիք է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում. Սերժ Սարգսյան

3 րոպեի ընթերցում

Եվրոպական ընտանիքը միակարծիք է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 19-20-ը Երևանում կայացած Հայաստան-Եվրոպական միություն հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանըողջունել է հյուրերին և հանձնաժողովի նիստի անցկացումը Երևանում լավ առիթ համարել մեր հասարակություններին հուզող հարցերի շուրջ տեսակետների անկաշկանդ փոխանակման և անկեղծ երկխոսության համար: Նա հույս է հայտնել, որ նիստի արդյունքում ընդունված որոշումները կնպաստեն Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել հանձնաժողովի կողմից ընդունված Եզրափակիչ հայտարարությունը, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում 20-րդ դարի այդ մեծ ոճրագործությունը դատապարտող դրույթները: Նախագահն ընդգծել է, որ այդ փաստաթուղթը եվրոպական կառույցների կողմից այս ամսվա ընթացքում ընդունված թվով 4-րդ կարևոր ուղերձն էր Թուրքիային առ այն, որ եվրոպական ընտանիքը ոչ միայն չի մոռանում 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, այլև միակարծիք է վերջինիս ճանաչման և դատապարտման հարցում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև ԼՂ հակամարտության հարցում եվրոպացի խորհրդարանականների անկողմնակալ վերաբերմունքը:

Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներն ընթացիկ շաբաթը բավականին օգտակար են համարել Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը հանգամանորեն քննարկելու, ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացման հեռանկարին անդրադառնալու տեսանկյունից:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը նաև պատասխանել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին և մի շարք այլ թեմաների վերաբերյալ խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում