3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ապրիլի 26-ին կանցկացվի Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ: Երեք անվանի մենակատարներ՝ ջութակահար Մաքսիմ Վենգերովը, թավջութակահար Միշա Մայսկին և շեփորահար Սերգեյ Նակարյակովը Բելգիայի ազգային նվագախմբի հետ իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Համերգի դիրիժորն է Ջորջ Փեհլիվանյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Համերգն անցկացվելու է փառատոնի՝ ցեղասպանության տարելիցին նվիրված համերգաշար-նախաձեռնության շրջանակում:
«Ծրագրում կհնչեն Ա. Խաչատարյանի, Ալ. Հարությունյանի, Պ. Ի. Չայկովսկու և այլ անվանի կոմպոզիտորների գործեր: Հատկանշական է, որ այս համերգի ընթացքում տեղի կունենա երիտասարդ հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրավյանի նոր ստեղծագործության պրեմիերան: Այն հատուկ գրվել է այս համերգի համար և նվիրված է ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գործը կոչվում է «DNA15-15»: Մի խոսքով՝ շատ մեծ համերգ է սպասվում», -հավելեց Սոնա Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի Սուրբ Հովհաննես եկեղեցում մարտի 12-ին տեղի ունեցած և Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգը մեծ հաջողությամբ է անցել:
«Լավագույն կոլեկտիվներն են հանդես եկել, որոնք կատարել են հոգևոր երաժշտություն: Մեկն Էստոնիայի տղամարդկանց պետական երգչախումբն էր, մյուսը՝ «Հորտուս Մուզիկուս» անսամբլը: Դժվար է փոխանցել այն զգացողությունները, որ հանդիսատեսը ստացավ այդ համերգից: Երկու կոլեկտիվներն էլ շատ հայտնի են և լավագույններից են աշխարհում»,-նշեց Սոնա Հովհաննիսյանը:
Ցեղասպանության տարելիցին նվիրված նախաձեռնության մեկնարկը տրվեց մարտի 5-ին: Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, էստոնացի հայտնի ջութակահար, դիրիժոր Անդրես Մուսթոնենի ղեկավարությամբ ներկայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երաժշտական ծրագրով:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ութ համերգ կկազմակերպվեն աշխարհի տարբեր երկրներում: Նախագծի շրջանակում մի շարք անվանի արտիստներ հանդես կգան նաև Սանկտ Պետերբուրգի, Լոնդոնի, Նյու Յորքի, Հռոմի և Վիեննայի հեղինակավոր բեմերում: Ծրագրին մասնակցում են Բելգիայի ազգային և Լա Սկալա ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի արքայական ֆիլհարմոնիկ և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերը, դիրիժորներ Վալերի Գերգիևը, Պինկաս Ցուկերմանը, Ջորջ Փեհլիվանյանը և Ջոն Աքսելրոդը, մենակատարներ Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը, Միշա Մայսկին, Ջուլիան Ռաչլին, Սերգեյ Նակարյակովը, այլք: