Լևոն Տեր-Պետրոսյանը բաց նամակ է գրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բաց նամակ է գրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:Փետրվարի 12-ով թվագրված նամակը հրապարակել է «Չորրորդ իշխանություն» թերթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տեր -Պետրոսյանը նշում է, որ անկախ ներքաղաքական զարգացումներից` ցանկանում է հանրությանը ներկայացնել մի կարեւորագույն խնդիր, որն առնչվում է ողջ հայության եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կենսական շահերին։ Հատկանշական է, որ հետգրությամբ Տեր-Պետրոսյանը նշում է, որ նամակի շարադրված դրույթների իրականացումն այս պահին հնարավոր չէ, բայց և այնպես իրեն բոլորովին չի հետաքրքրում, թե «աջից ու ձախից ինչպիսի վայնասուն կբարձրանա իր այս հրապարակման առթիվ, որի անհետաձգելիությունը պայմանավորված է նաեւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի` ապրիլի 24-ի մոտալուտ լինելու հանգամանքով»։

«Նախեւառաջ ներողություն եմ խնդրում առ այն, որ Ձեզ դիմում եմ ոչ թե խորհրդապահական խողովակով, այլ բաց նամակով, ինչը պայմանավորված է երկու պարզ հանգամանքով.

ա. Այլ կերպ Ձեզ հետ հաղորդակցվելու պարագայում, նկատի առած մեր լուրջ քաղաքական տարաձայնությունները, իմ քայլը, որի էությունը կպարզեմ ստորեւ, զերծ չէր մնա զանազան կասկածներ ու ասեկոսեներ հարուցելու վտանգից։

բ. Նամակիս շարժառիթը վերաբերում է համազգային եւ համապետական նշանակություն ունեցող մի այնպիսի կարեւորագույն խնդրի, ինչպիսին է 100-ամյա տարելիցի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու խնդիրը, որն, իմ պատկերացմամբ, վեր պետք է լինի ներքաղաքական հարաբերությունների ցանկացած նկատառումից»,-այսպես է իր նամակն սկսել Տեր-Պետրոսյանը։

Տեր-Պետրոսյանը նշել է, որ անդրադարձել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակությանը եւ կարծիք հայտնել, որ այդ փաստաթղթի պատճառով «Հայաստանը ոչ միայն չէր շահի միջազգային հանրության համակրանքը, այլեւ կկորցներ անգամ բարեկամ պետությունների աջակցությունը»։

Նա հանդես է եկել գործնական առաջարկով. «Ձեր նախընտրած ժամկետներում եւ պայմաններում դեմ առ դեմ հանդիպել Ձեզ հետ՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով։ Իսկ որպեսզի այդ հանդիպումը, հանուն գործի շահի, արդյունավետ լինի, կարծում եմ նաեւ, որ արժե մտածել մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու մասին, որի խնդիրը լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը։ Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ըստ այդմ, պետք է ծնվի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի անունից պետք է հղվի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եւրոմիության նախագահին եւ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին։ Հետեւաբար՝

1. Ուղերձը պետք է լիովին համապատասխանի ՄԱԿ-ի խարտիային, Հելսինկյան հռչակագրին եւ Հայաստանի կողմից միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին.

2. Չպետք է հակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը.

3. Տուրք չպետք է տա երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական մոտեցումներին.

4. Որեւէ կերպ չպետք է վնասի Հայաստանի առջեւ կանգնած կարեւորագույն խնդիրների լուծմանը, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»։

Պաշտոնաթող նախագահի կարծիքով` խորհրդակցական հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն այնպիսի անձինք, ովքեր արդեն իսկ ապացուցել են, որ ունակ են վեր կանգնելու ավանդական պատկերացումներից եւ իրերը դիտելու Հայաստանի պետական շահերի ու ժամանակակից աշխարհի որդեգրած սկզբունքների դիտանկյունից։ «Ես կհուշեի այդ չափանիշներին համապատասխանող հետեւյալ անձանց անունները. Հայաստանից՝ Բաբկեն Արարքցյան, Վազգեն Մանուկյան, Գագիկ Հարությունյան, Վանո Սիրադեղյան, Վարդան Օսկանյան, Ստեփան Դեմիրճյան, Արման Գրիգորյան, Ռուբեն Շուգարյան, Ալեքսանդր Արզումանյան, Աշոտ Ոսկանյան, Արա Սահակյան, Ռուբեն Վարդանյան, Աշոտ Սարգսյան, Հրանտ Տեր-Աբրահամյան, Կտրիճ Սարդարյան. Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Ժիրայր Լիպարիտյան, Խաչիկ Թոլոլյան, Ռուբեն Ադալյան, Արա Սանջյան, Համբիկ Սարաֆյան, Րաֆֆի Ուրֆալյան. Ֆրանսիայից՝ Արման Սարյան, Ժիրայր Մալխասյան, Միշել Մարյան, Րաֆֆի Գալֆայան. Թուրքիայից՝ Լեւոն Զեքիյան. Արգենտինայից՝ Ռուբեն Մոզյան։ Սրանք իմ ճանաչած մարդիկ են։ Ձեր կողմից Դուք կարող եք ավելացնել նոր անուններ»,-գրել է նա։

«Որպես գաղափարի մտահղացող, ես պատրաստ եմ նաեւ անձամբ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, փույթ չէ, թե «ոխերիմ բարեկամներս» ինչպես կմեկնաբանեն իմ անսպասելի քայլը։ Կարեւորն այս պատասխանատու խնդրում պետական եւ համազգային մակարդակով սխալ թույլ չտալն է։ Մնացած ամեն ինչ չնչին է ու երկրորդական։

Մեկ էլ, հնարավոր է, Ձեզ այսպիսի անակնկալ մատուցեմ Ղարաբաղյան կարգավորման խնդրում բարդություններ առաջանալու պարագայում։ Երբ վտանգվում է իմ ազգի եւ պետության ապագան, ես ձեռքերս ծալած չեմ կարող նստել եւ ցանկացած դուռ կբախեմ»,-ամփոփել է Տեր-Պետրոսյանը:

Հայերեն English

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս