Ղարաբաղյան հիմնահարց

Միջազգային զբոսաշրջային պորտալը բացահայտել է Լեռնային Ղարաբաղի գրավչության գաղտնիքը

3 րոպեի ընթերցում

Միջազգային զբոսաշրջային պորտալը բացահայտել է Լեռնային Ղարաբաղի գրավչության գաղտնիքը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեռնային Ղարաբաղ. երկիր, որը գոյություն չունի». միջազգային զբոսաշրջային Wanderlust և MSN պորտալները հատուկ հոդված են տպագրել Արցախի` օտարերկրացիներին քիչ հայտնի գողտրիկ անկյունների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածի սկզբում հեղինակը`Մարկ Սթրաթոնը, նշել է, որ Իրանից հյուսիս ասես ատամնավոր թագ տեղակայված Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո այսօր դարձել է Հայաստանի արևելյան շարունակությունը: Նա փաստել է, որ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով առաջնորդվող հենց ԽՍՀՄ առաջնորդ Ստալինն էր, որ 1921 թվականին ցանեց ներկայիս հակամարտության սերմերը և քրստոնեաբնակ Լեռնային Ղարաբաղը, անջատելով Հայաստանից, միացրեց գլխավորապես մուսուլմաններով բնակեցված Ադրբեջանին:

Նախքան ԼՂ գնալը, լրագրողը նախ եղել է Երևանում, որտեղ այցելել է Մայր Հայաստան զինվորական թանգարան, ինչպես նաև Եռաբլուր, որտեղ ամփոփված են ղարաբաղյան պատերազմի զոհերից 7 հազարի աճյունները: Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ տանող ճանապարհին նա հմայվել է Արարատ լեռով, եղել է Խոր Վիրապում, Սյունիքում, ապա արդեն Լաչինի միջանցքով (Բերձոր) մտել Լեռնային Ղարաբաղ:

«Ժամանակակից Ստեփանակերտում չկան ակնհայտ արտահայտված պատերազմական հետևանքներ, աշխույժ և թարմ փոքր մայրաքաղաքն արդյունաբերական վերածնունդ է ապրում»,- պատմում է հեղինակը` փաստելով, որ քաղաքն իր արմատներն է ձգում: Այցելելով Ստեփանակերտի թանգարան` նա զրուցել է ուղեկցորդի` Գայանեի հետ, ով տարածաշրջանի քրիետոնեական ժառանգության մասին փաստերը ցույց տալուց հետո պատմում է, որ պատերազմի ժամանակ երկու տարեկան է եղել: Նա ասում է, որ ինքն էլ պատրաստ է կռվել Արցախի համար, ինչը լրագրողին հիշեցրել է նախկինում իր կարդացած այն արտահայտությունը, որ «Ադբեջանի համար Ղարաբաղի հիմնախնդիրը սկզբունքայնության հարց է, իսկ հայերի համար` կյանքի և մահվան»:

Հեղինակը եղել է պատմամշակութային տարբեր վայրերում, ինչպիսիք ենք Շուշին, Գանձասարը, Դադիվանքը, Տիգրանակերտը:

«Լեռնային Ղարաբաղը մնում է հակասական: Եվ ես տեղյակ եմ, որ իմ ճանապարհորդության ընթացքում չեմ լսել ադրբեջանական կողմի փաստարկները: Այդուհանդերձ, այս չբացահայտված հանրապետությունը, որն այսքան հարուստ է իր հյուընկալությամբ և պատմությամբ, յուրօրինակ ներքաշող ազդեցություն է թողնում»,- եզրափակել է հեղինակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում