Տնտեսություն

Հայաստանի զբոսաշրջության խնդիրները` Հայաստան-ԵՄ համագործակցության առանցքում. անցկացվեց ՀԵԲ Զբոսաշրջության կոմիտեի տարեկան կոնֆերանսը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի զբոսաշրջության խնդիրները` Հայաստան-ԵՄ համագործակցության առանցքում. անցկացվեց ՀԵԲ Զբոսաշրջության կոմիտեի տարեկան կոնֆերանսը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA) Զբոսաշրջության կոմիտեի տարեկան հանդիպում-կոնֆերանսը մեկ հարթակում է հավաքել ոլորտի առաջատարներին, շահագրգիռ կողմերին և փորձագետներին Հայաստանից  և Եվրոպական միությունից՝ վեր հանելու Հայաստանի զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրներն ու քննարկելու ապագան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման նպատակն է խթանել համագործակցությունը և ապահովել ոլորտի կայուն զարգացման ուղին։

Հանդիպման ընթացքում հանդես եկան առաջատար բանախոսներ, ովքեր անդրադարձան զբոսաշրջության զարգացմանը և համագործակցության հնարավորություններին:

Հայաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA) գործադիր տնօրեն Դիանա Սարումովան ընդգծեց՝ EBA Տուրիզմի հանձնաժողովի տարեկան ժողովը կարևոր հարթակ է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ապագան ձևավորելու համար՝ խթանելով համագործակցությունը տեղական և միջազգային գործընկերների միջև:

«EBA-ն ունի տարբեր կոմիտեներ, որից մեկը տուրիստական կոմիտեն է, ու մենք տարին մեկ անգամ մեծ կոնֆերանս ենք կազմակերպում տուրիզմի ոլորտի մասնավոր ներկայացուցիչների համար, բայց մինչ այդ մենք մասնավոր սեկտորի ներկայացուցիչներից հավաքագրում ենք ոլորտի  խնդիրներն ու մարտահրավերները: Այսինքն՝ այս կոնֆերանսը նախ միտված է վեր հանելու տուրիզմի ոլորտի խնդիրները և, դրանք համապատասխան գերատեսչությունների հետ քննարկելով, մշակել թիրախային լուծումներ»,- նշեց  Դիանա Սարումովան:  

Զբոսաշրջության կոմիտեի  նախագահ Լուսինե Գևորգյանը, կարևորելով նման հանդիպումները, որտեղ ներգրավված են ոչ միայն Հայաստանի, այլ նաև եվրոպական երկրների ներկայացուցիչներ, նշեց՝ վերջին տարիներին Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության շրջանանկերում զբոսաշրջության զարգացման նպատակով մեծ աշխատանք է տարվել: 

«Վերջին տարիներին նկատվում է աշխուժացում եվրոպական երկրներից դեպի Հայաստան: ԵՄ մի շարք երկրներից մեծ է հետաքրքրություն է նկատվում Հայաստանի գյուղական տուրիզմի, արկածային տուրիզմի և  փառատոնների, հատկապես գինու օրերի հանդեպ: Այս ուղղությամբ զարգացումը նույնպես գտնվում է Հայաստան-ԵՄ համագործակցության ակտիվ շրջանակներում: Արդեն ունեցել եմ մի շարք հանդիպումներ զբոսատնային գործունեություն իրականացնող ընկերությունների  հետ, հաջորդ շաբաթ պլանավորում եմ հանդիպել զբոսաշրջային օպերատորների և հյուրանոցների ներկայացուցիչների հետ, քանի որ զբոսաշրջությունը ուղիղ կապված է բիզնեսի հետ: Անհնար է ունենալ լավ բիզնես՝ առանց զարգացած զբոսաշրջային ծառայությունների»,- ասաց Լուսինե Գևորգյանը: 

Զբոսաշրջության կոմիտեի  նախագահն ընդգծեց՝ այսպիսի միջոցառումները լայն հարթակ են ծանոթությունների և առկա խնդիրներին լուծումներ գտնելու տեսակետից:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում