Հասարակական

Մեկ շաբաթում կհստակեցվի Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակացույցը

2 րոպեի ընթերցում

Մեկ շաբաթում կհստակեցվի Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որի շրջանակում քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ հանձնաժողովին կից ստեղծված աշխատանքային խմբում շարունակվում են քննարկվել բոլոր այն առաջարկները, որոնք ներկայացվել են հանձնաժողովին: Նաև զեկուցվել է, որ ներկայացված առաջարկների մի մասը հիմնականում ընդունվել է ի գիտություն և ներառվել նախատեսվող միջոցառումների ցանկում, իսկ վարչական շրջանների ներկայացրած ծրագրերը գտնվում են քննարկման փուլում:

Հաշվի առնելով օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների և հազարավոր հյուրերի սպասվող այցը Երևան` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է արդեն իսկ սկսել մայրաքաղաքում հավուր պատշաճի տեսք ապահովելու ուղղությամբ նախատեսված բարեկարգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է նաև Երևան քաղաքի ոստիկանության և ՃՈ-ի հետ համատեղ քննարկել ապրիլի 23-ին և 24-ին նախատեսված գեղարվեստական միջոցառումների, երթերի սպասարկման ժամանակացույցերն ու քաղաքացիների անվտանգության ապահովման հարցերը:

Նիստի ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների և դրանց տեղանքների հստակ ժամանակացույցը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում