Աթենքում նշել են Հայոց բանակի 23-րդ տարեդարձը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ դեսպանությունն Աթենքում գտնվող զինված ուժերի «Սպայի տան» հանդիսասրահում հունվարի 28-ին կազմակերպել է Հայոց բանակի օրվան նվիրված տոնական ընդունելություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել մոտ 250 հրավիրյալներ, այդ թվում` Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի տեղակալ, ռազմածովային ուժերի փոխծովակալ Ալեքսանդրոս Թեոդոսիուն, Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, ցամաքային, ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբերի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչներ, հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ, դիվանագետներ, հայկական և հունական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Հունաստանի Հետևակի բարձրագույն դպրոցի ունկնդիր հայ սպաները, Ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտները և Հայ մարմնակրթական ընդհանուր միության արի-արենույշների խմբերը ողջունել են ու զինվորական պատիվներով ընդունել հյուրերին: Միջոցառումը սկսվել է 1 րոպե լռությամբ` ի հիշատակ օրեր առաջ Իսպանիայում օդային աղետի հետևանքով զոհված զինծառայողների, այդ թվում` Հունաստանի ռազմաօդային ուժերի 2 օդաչուների:

Իր ելույթում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանն անդրադարձել է օրվա խորհրդին` ՀՀ զինված ուժերի կազմավորմանը, ինչպես նաև հայ-հունական պատմական դարավոր զինակցությանը և ներկա երկկողմ ռազմական համագործակցությանը:

Փոխծովակալ Թեոդոսիուն իր խոսքում շեշտել է, որ հայ-հունական ռազմական համագործակցությունն առաջընթաց է արձանագրել, և այն անպայման զարգացման ուղիով է ընթանալու` ի շահ երկու եղբայր երկրների ու ժողովուրդների: Փոխծովակալն ընդգծել է, որ պատիվ է Հունաստանում ուսումնառություն և վերապատրաստում անցնող հայ կուրսանտների ու սպաների առկայությունը:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության հրամանագրի համաձայն` կայացել է հայ-հունական ռազմական համագործակցության ոլորտում իրենց անձնական ավանդը ներդրած 7 բարձրաստիճան հույն սպաների, այդ թվում` միջազգային հարաբերությունների, ռազմական տեղեկատվության, հատուկ նշանակության զորքերի, ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի և հետևակի բարձրագույն դպրոցի պետերի, այլ ծառայությունների ղեկավարների պարգևատրումը ՀՀ զինված ուժերի գերատեսչական մեդալներով: Առանձին պարգև է հանձնվել տեղում ՀՀ զինված ուժերի կուրսանտների ուսումնառությանն աջակցող, «Երևան» խնամակալ միության պատասխանատու Գրիգոր Կարապետյանին: Միջոցառման ընթացքում Հունաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների ասոցիացիայի ավագ, Իսպանիայի ռազմական կցորդ, ռազմածովային ուժերի կապիտան Խոսե Օչոան ասոցիացիայի պատվո հուշատախտակ է հանձնել ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանին` «ռազմական համագործակցության զարգացման մեջ ներդրած անձնական ավանդի համար»:

Հայերեն English