Ադրբեջանը տանուլ է տալու նաև «դիվերսիաների պատերազմը». Սերժ Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Մեր երկրի և ժողովրդի համար բանակն ավելին է, քան պարզապես պետական կառույց: Հայոց բանակը բառացիորեն ամեն օր և ամեն գիշեր պաշտպանում է մեր կյանքը՝ շատ հաճախ մարտի բռնվելով մեր հայրենիքի հանդեպ ոտնձգություններ կատարող ելուզակների դեմ: Այսօր մեր վզին փորձում են փաթաթել նոր տիպի պատերազմ, որովհետև բոլոր նախորդ տիպերի պատերազմներում նրանք տանուլ են տվել: Այսպես կոչված «դիվերսիաների պատերազմը» նույնպես տանուլ են տալու: Դրա անհեռանկարայնությունն արդեն ակնհայտ է նույնիսկ նրանց համար, ովքեր մեզ անվանում են «թշնամի»:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարում մեզ՝ հայերիս, ոմանք որոշել են վախեցնել մարդասպանությամբ՝ հայասպանությամբ: Խոստովանում ենք. 100 տարի առաջ կատարվածը պետականորեն մշակված և հաջող իրականացված ցեղասպանություն էր: Նաև գիտակցում ենք, որ նման ծրագիր կարող էր իրականացվել միայն հայկական պետականության բացակայության պայմաններում:

Այսօր՝ այս տոնական օրը, դժվար հասկացողների համար ես մեկ անգամ ևս հայտարարում եմ. հայ ժողովուրդը վերադարձել է կյանք, վերադարձել է ժողովուրդների միջազգային ընտանիք իր պետականությամբ և բանակով: Նա վերադարձել է դժոխքից: Դժոխքը վերապրածներին ահաբեկելու փորձերը լուրջ չեն: Նման փորձերը ուշացած են առնվազն 100 տարով:

Հարց է ծագում. ի՞նչ կապ ունեն 100 տարի առաջ կատարված դեպքերը մեր այսօրվա բանակի հետ: Արդյո՞ք, որևէ մեկի հիվանդ ուղեղում կա Հայաստանը վերացնելու ծրագիր: Պատասխանում եմ. այդ ծրագրերը ոչ միայն ոմանց ուղեղներում են, այլև հարևան երկրի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերին: Դրանք հնչում են բոլոր հնարավոր բարձրախոսներից: Ըստ նրանց՝ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի ողջ տարածքը «պատմական ադրբեջանական» հողեր են, և այդ հողերը ենթակա են այսպես ասած` «ազատագրման»: Մենք շատ լավ գիտակցում ենք նման «ծրագրային» հռետորաբանության թիրախները:

Իսկ ի՞նչ ենք ասում մենք: Ասում ենք՝ Արցախի ազատ ապրելու իրավունքը չի քննարկվում: Վերջակետ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր բանակը ձևավորման օրվանից, երբ դեռևս պաշտոնական անվանում էլ չուներ, թրծվել է պատերազմի կրակների մեջ: Նա ծնվել է որպես մեր ժողովրդի ապրելու և ազատագրվելու կամք, որպես նրա հույսերի, իղձերի և անմահության առհավատչյա:

Նման հզոր բանակ մենք վաղուց չենք ունեցել: Շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Մեր զինվորականներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, իսկ մեզ բոլորիս՝ խաղաղություն»:

Հայերեն English Русский

«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան

ՌԴ-ի վրա արձակվել է 571 ԱԹՍ, կրկին թիրախավորվել են Wildberries-ի պահեստները

Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը

ՀՀ պետբյուջերի եկամուտները 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել են 1,643 մլրդ դրամ

ՆԳՆ-ն հատուկ միջոցառումներ է իրականացրել. հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ

Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին

ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հունիս, 2026