Մարզային

Ավետիսյանների ընտանիքի անդամների աճյունները տեղափոխվել են Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցի

2 րոպեի ընթերցում

Ավետիսյանների ընտանիքի անդամների աճյունները տեղափոխվել են Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցի

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների աճյունները դիահերձարանից տեղափոխել են Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Ավետիսյաններին հրաժեշտ տալու համար եկեղեցի են գալիս բազմաթիվ գյումրեցիներ:

Շիրակի մարզպետի հրահանգով ստեղծվել է մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից կազմված համատեղ աշխատանքային խումբը, որը կկանոնակարգի Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի և հուղարկավորության հետ կապված աշխատանքները: Աշխատանքային խումբը ղեկավարում է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը

Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգիստը ըեղի կունենա հունվարի 14-ին` ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը` հունվարի 15-ին ժամը 13:00-ին:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանդի դեպքից միակ փրկված մի քանի ամսական երեխան կրծքի շրջանում կտրած-ծակած վերք է ունեցել: Կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն, պարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն: 40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել: Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում