Պաշտոնական

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը

2 րոպեի ընթերցում

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր այցելել է հանրապետության հարավ-արևմտյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը:Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Հանրապետության Նախագահը ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներին՝ մի խումբ սպաների և զինվորների հանձնել է նվերներ: Սերժ Սարգսյանը տոնական սեղանի շուրջ զրուցել է զինվորների հետ, շնորհավորել Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար. «Մեզնից յուրաքանչյուրին Աստված կամ ճակատագիրը հատկացնում է մի ժամանակահատված, որտեղ կարևորն ինքն է, որտեղ պատասխանատուն ինքն է՝ և՛ հայրենյաց հողի պաշտպանն է ինքը, և՛ երկրի կայունության պատասխանատուն է ինքը, բարեկեցության պատասխանատուն է ինքը: Այսօր այստեղ նստածներով, մեր ողջ զինված ուժերով պատասխանատուն մենք ենք: Այստեղ նստած քյավառցի տղայից սկսած վերջացրած գեներալներով պատասխանատուն մենք ենք և՛ Ղարաբաղի համար, և՛ Գյումրու համար, և՛ Լոռու համար, և՛ Արարատի համար, մեր հայրենի հողի համար: Բոլորիդ ուժ, կորով, կարողություն, որպեսզի այս պատասխանատու խնդիրը մեզ հատկացված ժամկետում մենք կատարենք պատվով»,- ասել է ՀՀ Նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում