Դպրոցներում մեկնարկեցին ձմեռային արձակուրդները

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության սահմանած գրաֆիկի, Արարատի մարզի դպրոցներում այսօրվանից մեկնարկեցին ձմեռային արձակուրդները եւ կտեւեն մինչեւ հունվարի 12-ը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, առաջին եւ երկրորդ դասարանցիների արձակուրդը կերկարաձգվի երկու շաբաթով: Նրանք դպրոց կհաճախեն հունվարի 26-ից: Աշակերտներն այս ուսումնական տարվա ընթացքում ունեցել են աշնանային արձակուրդ, եւ սպասվում է եւս մեկը` մարտին:

Մարզի 76 դպրոցները տաքացվում են լոկալ ջեռուցման համակարգով, իսկ 31 դպրոցներում ջեռուցումը կազմակերպվում է էլեկտրական սալիկներով: Ջեռուցման տարեշրջանը դպրոցներում սկսվել է նոյեմբերի 15-ից, իսկ բարձր լեռնային գոտիներում, եղանակային տատանումներից կախված, քիչ ավելի շուտ:

Արարատի մարզում դպրոցների թիվը 112 է, որոնցից 107-ը մարզպետարանի, իսկ հինգը` ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցներն են: Մարզի դպրոցներում սովորում են 31 հազար 168 աշակերտ, որոնցից 3 618-ն առաջին դասարանցիներ են: Արարատի մարզի մարզպետարանի ենթակայությամբ դպրոցների 12-րդ դասարանցիների թիվը 1850 է, 9-րդ դասարանցիների թիվը` 1269:

Մարզային ենթակայության 107 դպրոցներում կան 4418 աշխատող, որոնցից 2623-ը ուսուցիչներ են, 275-ը` մանկավարժական հաստիքով աշխատողներ, մյուսները` վարչական եւ օժանդակ աշխատակիցներ:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն Русский