Սերժ Սարգսյանն արդյունավետ է համարում անցնող տնտեսական տարին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց, 2015 թվականին մաղթել հաջողություններ տնտեսական գործունեության մեջ և անձնական կյանքում, ընդգծելով, որ գործարարների ձեռքբերումներն ու հաջողությունները, հասկանալիորեն, լինելու են ոչ միայն նրանց անձնական կամ կորպորատիվ հաջողությունները, այլև՝ մեր երկրի և տնտեսության: Հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների բարեկեցության աստիճանը, ըստ Նախագահի, պայմանավորված է լինելու նաև գործարար համայնքի գործունեությամբ ու ձեռքբերումներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Հանրապետության Նախագահն իր խոսքում անդրադարձել է դժվարություններով լի 2014 թվականին, նշելով, որ օբյեկտիվ պատճառներ ունեցող այդ դժվարությունների և անորոշությունների մի մասն, ամենայն հավանականությամբ, կարող է շարունակվել նաև գալիք տարում՝ մեզնից անկախ պատճառներով, սակայն, ինչ կախված է Հայաստանի իշխանու-թյուններից և գործարարներից, Նախագահի համոզմամբ, պետք է անել համատեղ, եռանդով և որքան հնարավոր է՝ անթերի: «Աշխարհի յուրաքանչյուր պետությունում, յուրաքանչյուր տնտեսությունում, նույնիսկ ամենահզոր տնտեսություններում, ինչպիսիք Միացյալ Նահանգների տնտեսությունն է, Եվրամիության միասնական տնտեսությունն է, միշտ էլ հնարավոր են բարդություններ, դժվարություններ: Մեր երկրների պես երկրներում այդ բարդություններն ու դժվարություններն առավել ևս ավելի հաճախ կարող են լինել: Այստեղ չափազանց կարևոր է, որ այդ դժվարությունների, բարդությունների պահերին մենք անմիջապես չսկսենք մեղավորներ փնտրել, անմիջապես չսկսենք պատասխանատուներ ման գալ, և եթե իրավիճակը մի քիչ կայունանում է, անմիջապես չփորձենք դափնիները մեր ուսերին քաշել: Այսպիսի իրավիճակներում ամենակարևորն այն է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը խուճապի չմատնվի և կատարի իր պարտականությունները: Այդ ժամանակ այդպիսի դժվարություններն ու բարդություններն ավելի հեշտ են հաղթահարվում»,- ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահն անդրադաձել է նաև անցնող տարվա տնտեսական իրողություններին. «Այնուամենայնիվ պետք է հատուկ շեշտեմ, որ իմ տպավորությամբ, Հայաստանի բիզնես հանրությունը 2014 թվականին վատ չի աշխատել և հիմնական մասով հաղթահարել է առկա դժվարությունները: Նկատի ունենալով այն համատեքստը, որտեղ աշխատել եք դուք՝ հարգելի՛ գործարարներ, նկատի ունենալով տնտեսական իրավիճակն աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայում, Ռուսաստանում և մեր տարածաշրջանում, տարին պետք է համարել արդյունավետ»,-նշել է Սերժ Սարգսյանը:

Ինտեգրացիոն նոր գործընթացների համատեքստում Հանրապետության Նախագահը խոսել է նաև Հայաստանի տնտեսության հեռանկարի մասին. «Նոր տարին իր հետ բերում է նոր հնարավորություններ, որոնք կապված են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու իրողության հետ: Բայց նաև գիտենք, որ նոր հնարավորությունները նաև նոր մարտահրավերներ են: Չեմ կասկածում, որ մեր ձեռներեցները մրցունակ են, իրենց լուրջ ասելիքն ունեն և այդ ասելիքն ասելու են նաև նոր տնտեսական միության ներսում: Դուք կարող եք դա ասել ձեր գործերով, արդյունավետ աշխատանքով և նոր գաղափարներով», - ասել է Հանրապետության Նախագահը՝ ընդգծելով, թե հավատում է, որ մյուս տարի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ նման տոնական սեղանների շուրջ հավաքի ժամանակ նախանշված ծրագրերի մի զգալի մասն արդեն իրականություն է լինելու. «Ցանկանում եմ, որպեսզի այդ իրականացված երազանքները բարօրություն բերեն մեր ժողովրդին ու պետությանը»,- շնորհավորական խոսքի ավարտին ասել է ՀՀ Նախագահը:

Հայերեն English Русский

«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան

ՌԴ-ի վրա արձակվել է 571 ԱԹՍ, կրկին թիրախավորվել են Wildberries-ի պահեստները

Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը

ՀՀ պետբյուջերի եկամուտները 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել են 1,643 մլրդ դրամ

ՆԳՆ-ն հատուկ միջոցառումներ է իրականացրել. հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ

Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին

ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հունիս, 2026