Բելգիահայն Արմեն Աշոտյանի ձեռքը սեղմելու համար բանուկ հատվածում կանգնեցրել է ավտոբուսը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանինավտոբուսի հայ վարորդը հուզել է իր ազգասիրությամբ: Հուզիչ հանդիպման մասին ՀՀ կրթության և գիտության նախարարը պատմել է ֆեսյբուքի օգտատերերին:
«ՀԱԱԱՅԵԵԵՐ: Երբ անձրևի տակ քայլում ես Բրյուսելի կենտրոնական պողոտաներից մեկով ու պատրաստվում ես փողոց անցնել, հանկարծ մի մեծ կարմիր ավտոբուսի խցից մեկն ուշադիր քեզ է նայում, մի պահ լարվում ու միանգամից բացվում ժպիտով: Իսկ դու քո մտքերով, քաղաքական մտորումներով, գալիք չվերթի անհանգստությամբ ու վաղվա գործերովդ սկզբից չես հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ է ուզում քեզանից օտար քաղաքում ավտոբուսի վարորդը:
Ու այդ պահին միանում է արյունակցիդ հեռվից հեռու ճանաչելու հայերիս բնորոշ աստվածատուր բնազդը ու հասկանում ես` ՀԱՅ Է....
Հայրենակից, որ ձեռքդ սեղմելու համար փողոցի բանուկ հատվածում մի պահ կանգնեցնում է իր կարմիր հրեշին, մոտենում քեզ` առնելու Հայրենիքի կարոտը, հետո վերադառնում ավտոբուս ու տարակուսած ուղևորներին լավ ֆրանսերենով ասում. «Հայաստանի կրթության նախարարն է»: Ու այդ պահին հուզմունքից ու քեզանից անկախ ուզում ես բարձր գոռալ` ՀԱԱԱՅԵԵԵՐ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Արմեն Աշոտյանը: