Մշակույթ

Արմեն Ամիրյանը Տիգրան Մանսուրյանի հետ կապված հետաքրքիր դեպք է վերհիշել

5 րոպեի ընթերցում

Արմեն Ամիրյանը Տիգրան Մանսուրյանի հետ կապված հետաքրքիր դեպք է վերհիշել

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները երկնային մաքրությամբ մարդուն կարող են բարձրացնել այնտեղ, որտեղից հրեշտակներն են հետևում մեր կյանքին: Այնտեղ կա անսահման սեր, մարդասիրություն, ազնվություն, բարության անսպառ պաշար: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը: Նա նոյեմբերի 10-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Տիգրան Մանսուրյանի 75- ամյակին նվիրված երեկոյին:

«Բուժող, ապաքինող, ազնվացնող երաժշտությունը կարող է ցանկացած վերքի սպեղանի դառնալ: Նման երաժշտության հեղինակն անպայման բարձրյալի` մարդկության փրկության հատուկ առաքելությամբ դեսպանն է …

Չեմ կարող չանդրադառնալ նաև համերգի բեմադրող ռեժիսորի բացառիկ բեմադրությանը: Արամ Սուքիասյանը նուրբ և չափազանց տեղին լուծումներով կարողացավ կենտրոնում պահել հոբելյարին, նրա երաժշտությունն ու մարդկային անկրկնելի կերպարը: Համերգի կուլմինացիան եղավ այն տեսարանը, երբ երեխաները շրջան կազմեցին Տիգրան Մանսուրյանի հետ և միասին թռչկոտելով երգեցին «Խուտուտիկ-մուտուտիկ» երգը: Այս փառահեղ, հուզմունք առաջացնող տեսարանը մեկ անգամ ևս ընդգծեց սիրելի մաեստրոյի անկեղծությունն ու անմիջականությունը, մեծությունն ու վեհությունը: Փայլուն էր նաև համերգավարը` Արտավազդ Ամիրյանը (անհամեստություն չթվա, որ գովում եմ զարմիկիս) գրագետ, նուրբ, չափավոր…Շնորհակալություն ջերմ ու անկեղծ երեկոյի համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Արմեն Ամիրյանը՝ շնորհավորելով Տիգրան Մանսուրյանի տարեդարձը:

Ամիրյանը նաև Տիգրան Մանսուրյանի հետ կապված հետաքրքիր դեպք է հիշել.«1990-ականների սկիզբն էր: Մեկնում էինք ԱՄՆ` հյուրախաղերի: Օդանավի կենտրոնական շարքում նստած էինք ես, Գևորգ Էմինը, Ռոբերտ Ամիրխանյանը և Տիգրան Մանսուրյանը: Գևորգ Էմինը ուզում էր քնել, բայց մեր անընդմեջ խոսակցությունները խանգարում էին վարպետին: Գևորգ Էմինը ձեռքիցս վերցրեց մեր տոմսերի տրցակը, վրան մի քառատող գրեց և ասաց, - «Տեսնեմ Ձեզանից ով ավելի լավ երաժշտություն կգրի այս քառատողի համար … »

Մինչ Ռոբերտ Ամիրխանյանն ու Տիգրան Մանսուրյանը մտածում էին, վարպետը հասցրեց մի փոքր ննջել …

Հետո նայեց 2-ի գրածն էլ և դժգոհ դեն նետեց, ասելով, որ բանի պետք չէ … Հավանաբար հիասթափեցրեց, որ լռեին, ինքն էլ կարողանար շարունակել քնել …

Մի փոքր վրդոված Տիգրան Մանսուրյանը պատռեց թուղթն ու վերև նետեց:

- Մաեստրո ջան, ինչ եք անում, չէ որ դա Ձեր վերադարձի տոմսն էր …,- ասացի ես (Այն տարիներին տոմսերն էլեկտրոնային չէին, և տոմսը կորցնելու դեպքում մեծ խնդիրներ էին առաջանում ):

Մաեստրոն ավելի հուզվեց, բարկացավ և ամբողջ ճանապարհին մինչև Լոս Անջելես ձայն չէր հանում:

Իհարկե տոմսը վերադարձինը չէր (վերադարձի տոմսերը ես խնամքով թաքցրել էի պայուսակիս մեջ), դրանք մեկնելու տոմսերն էին, որ այլևս պետք չէին …

Մի քանի ժամ անց մենք մաեստրոյին ասացինք, որ չար կատակ ենք արել … Այս պամության մեջ ամենահանգիստը Գևորգ Էմինն էր, որ հասցրել էր ամբողջ ճանապարհին մի լավ քնել»,- նշել է Արմեն Ամիրյանը:

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ նոյեմբերի 10-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Համերգին մասնակցեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար Էդ. Թոփչյան/, Հայաստանի պետական կամերային երգչախումբը / գեղարվեստական ղեկավար Ռ. Մլքեյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը / գեղարվեստական ղեկավար Ս. Հովհաննիսյան/, Երևանի պետական կամերային երգչախումբը / գեղարվեստական ղեկավար Հ. Թոփիկյան/, Իրինա Զաքյանը /սոպրանո/, Երաժշտական դպրոցների հավաքական երգչախումբ /դիրիժորական վահանակի մոտ՝ Տ. Մանսուրյան/:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում