Պաշտոնական

ՀԲ փոխնախագահը գերազանց է գնահատել ՀՀ վարկային պորտֆելի կատարողականը

3 րոպեի ընթերցում

ՀԲ փոխնախագահը գերազանց է գնահատել ՀՀ վարկային պորտֆելի կատարողականը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալված ավելի քան 20-ամյա համագործակցությունը, որի շրջանակում լուրջ քայլեր են կատարվել մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, բարեփոխումների իրականացման և մարդկային կարողությունների հզորացման ուղղությամբ:

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել այդ նպատակով ՀԲ-ի կողմից տրամադրված ֆինանսական և տեխնիկական հսկայական օժանդակության համար:

Զրուցակիցները հաջողված և արդյունավետ են գնահատել ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցը, ապա քննարկել «Երկրի գործընկերության ներկա (2014-2017թթ.) ռազմա­վարության» իրականացման հետագա ընթացքը: Որպես Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններ՝ վարչապետը կարևորել է, մասնավորապես, էներգետիկ, գյուղատնտեսական և ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Երկուստեք կարևորվել է նաև սոցիալական, տեսչական, ավիացիայի, հարկային ոլորտներում, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման նպատակով իրականացվող բարեփոխումների շարունակականությունը:

ՀԲ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի երկարաժամկետ գործընկերն է և գերազանց գնահատել մեր երկրի վարկային պորտֆելի կատարողականը: Լորա Թակն ընդգծել է, որ ՀԲ-ն պատրաստ է շարունակելու օժանդակությունն ինչպես ընթացիկ ծրագրերին, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից տնտեսական առաջնահերթություններ համարվող ոլորտներին:

Վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ընդլայնելու ՀԲ հետ համագործակցությունը և նշել, որ մեր ծրագրերը կշարունակեն պահպանել տարածաշրջանի ամենաբարձր կատարողական մակարդակը՝ հետևողականորեն զարգացնելով տնտեսությունը և նվազեցնելով աղքատությունը:

Հովիկ Աբրահամյանը և Լորա Թակը մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության խորացմանը վերաբերող մի շարք այլ հարցերի շուրջ ևս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում