Վարչապետը խոստանում է պայքարել Հայաստանի տնտեսության զարգացման համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի պետական բյուջեն լինի իրատեսական: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը թերահավատորեն են վերաբերում կառավարության պնդումներին, թե բյուջեն սոցիալական է, նաև կարծում են, որ կառավարությունը կձախողվի: «Ես ամեն ինչ անելու եմ, որ նրանց կանխատեսումները չիրականանան: Իհարկե, քաղաքական ուժերի կանխատեսումներով առաջնորդվելը ես դրական չեմ գնահատում: Ուղղակի, մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր բյուջեն լինի իրատեսական: Մենք հենց այդպես էլ մտածում ենք, ու ամեն ինչ անելու ենք, որ իրենք հուսախաբ լինեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:
Նա ընդգծեց, որ բոլորը պետք է հասկանան, որ հաջողության կարելի է հասնել միասնական ուժերով, այլ ոչ թե չհավատալով ու վատ բաներ կանխատեսելով: «Մենք պայքարելու ենք, որ մեր տնտեսությունը զարգանա, և ես հույսեր ունեմ և կան հիմքեր, որ մենք հաջողության կհասնենք»,- ընդգծեց վարչապետը:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում արդեն ավարտվել են ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Առաջիկայում ԱԺ հանձնաժողովները պետբյուջեի նախագիծը կքննարկեն նաև առանձին-առանձին, որից հետո ՀՀ ԱԺ նախագահի որաշմամբ այն կընդգրկվի խորհրդարանի քառօրյա նիստի օրակարգում: