Պաշտոնական

Շուրջ վաթսուն համաձայնագրերը նոր որակ են հաղորդել հայ-գերմանական հարաբերություններին. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Շուրջ վաթսուն համաձայնագրերը նոր որակ են հաղորդել հայ-գերմանական հարաբերություններին. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀՆախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում՝ ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի համար կարևորագույն գործընկեր և բարեկամ երկիր է, ուստի տարբեր մակարդակի հաճախակի փոխայցելություններն ու շփումները լավ խթան են միջպետական հարաբերությունների զարգացման համար: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-գերմանական համագործակցության օրակարգը զգալիորեն ընդլայնվել և ամրապնդվել է շուրջ վեց տասնյակի հասնող համաձայնագրերով, որոնք նոր որակ են հաղորդել միջպետական հարաբերություններին:

Նշելով, որ նախկինում ևս առիթ է ունեցել այցելելու Հայաստան, արտգործնախարար Շտայնմայերն ընդգծել է, որ նոր պաշտոնում սա իր առաջին այցն է, և այն նպատակ ունի ավելի ակտիվացնել հայ-գերմանական քաղաքական երկխոսությունն ու խորացնել բարեկամական հարաբերությունները: Նախարարը համակարծիք է եղել ՀՀ Նախագահի հետ, որ տարեցտարի երկու երկրների միջև կապերն ավելի են սերտացել, և ասվածը վերաբերում է ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներին:

ՀՀ Նախագահը և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայ-գերմանական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի քննարկումից բացի, անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, դրանց դիմակայելու ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին և հեռանկարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում