Պաշտոնական

ՀՀ վարչապետ հանդիպել է Սպահանի նահանգապետին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ հանդիպել է Սպահանի նահանգապետին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Իրան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Սպահանում հանդիպել է նահանգապետ Ռասուլ Զարգարփուրին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Իրանի նահանգների և Հայաստանի մարզերի միջև համագործակցությունը, ինչին հատկապես կնպաստեն փոխադարձ այցելությունները, բարեկամական կապերի ստեղծումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Սպահանի նահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին՝ իրենց նահանգ այցելելու համար և բարձր գնահատել Սպահանի հայ համայնքի դերը նահանգի զարգացման գործում:

Այնուհետև Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Նոր Ջուղայի Հայոց ազգային կրթահամալիր, որտեղ Հայաստանի կառավարության անդամներին ողջունել են կրթահամալիրի սաները, ուսուցիչները և հայ համայնքի ներկայացուցիչները:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել կրթահամալիրի դերը հայապահպանության գործում և կառավարության աջակցությունը հայտնել ազգապահպանությանն ուղղված համայնքի յուրաքանչյուր նախաձեռնությանը:

Այսօր վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Նոր Ջուղայի մարզամշակութային «Արարատ» միություն, կմասնակցի Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի Սբ. Հովսեփ եկեղեցու 350-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում