Պաշտոնական

Նիլս Մուիժնիկսը կարևորել է ՀՀ-ԵԽ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրագործումը

2 րոպեի ընթերցում

Նիլս Մուիժնիկսը կարևորել է ՀՀ-ԵԽ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրագործումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀվարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել պարոն Մուիժնիկսի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման գործում և վերահաստատել ՀՀ կառավարության՝ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արդարադատության համակարգի բարեփոխումների իրականացմանը և կանանց ու տղամարդկանց հավասարության ապահովմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը հետամուտ է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների լուծմանը և քայլեր է իրականացնում դատաիրավական համակարգի նկատմամբ հանրային վստահության ավելացման և կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Մասնավորապես, մշակվում է արդարադատության ոլորտի բարեփոխումների փաթեթ, կանանց ու տղամարդկանց հավասարության քաղաքականության շրջանակում ընդունվել են մի շարք ռազմավարական ծրագրեր ու փաստաթղթեր: Ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհուրդը: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածությունը մեծացնելու ուղղությամբ:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ողջունել է ՀՀ ԱԺ-ի կողմից «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի ընդունումը՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումներ շարունակական իրականացումը: Պարոն Մուիժնիկսը նաև կարևորել է ՀՀ-ԵԽ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրագործումը, որի շրջանակում ԵԽ-ն աջակցում է արդարադատության և քրեակատարողական ոլորտների բարեփոխումներին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրարկմանը և այլն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում