Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի, տրվել է պետական ընթրիք

12 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի, տրվել է պետական ընթրիք

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի այսօր երեկոյան տրվել է պետական ընթրիք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-հունական դարավոր բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և դրանց զարգացման հեռանկարին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի պատվին տրված պետական ընթրիքի ժամանակ ասածբաժակաճառով նշել է.

«Մեծարգո պարո՛ն Նախագահ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել բարեկամ Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանը: Հայաստանը, անշուշտ, նոր բացահայտում չէ պարոն Նախագահի համար: Նա դեռևս 2007 թվականին է այցելել Հայաստան, և այսօրինակ փոխայցերը, մեր խորին համոզմամբ, լավագույն վկայությունն են մեր ժողովուրդների` երկու հնագույն քաղաքակրթությունների ներկայացուցիչների դարավոր բարեկամության:

Ժողովրդավարություն, արվեստ, գիտություն, փիլիսոփայություն` մարդկային մտքի մեծագույն նվաճումների պատմությունը հաճախ նույնանում է հույն ժողովրդի պատմության հետ: Դարեր առաջ նրա ստեղծած արժեքները մինչև այսօր շարունակում են մնալ ժամանակակից քաղաքակրթության հոգևոր և մշակութային համակարգի հիմքում: Համամարդկային այս արժեքների և գաղափարների կրողն ու կիսողն է նաև հայ ժողովուրդը, որն իր դարավոր պատմության և ստեղծագործ գոյության ընթացքում մշտապես հարստացրել է և իր ուրույն ներդրումն է ունեցել արժեհամակարգային այս շղթայում: Հելլենիզմից մինչև քրիստոնեության ընդունում, Բյուզանդական կայսրությունից մինչև ոչ վաղ անցյալի պատմության ողբերգական էջերը հայ և հույն ժողովուրդները քայլել են կողք կողքի` նեցուկ լինելով միմյանց դժվար պահերին:

Ոմանք ասում են, որ իրական բարեկամները երևում են դժբախտության պահին, իսկ ոմանք էլ իրական բարեկամ են համարում նրան, ով ունակ է անկեղծորեն կիսել դիմացինի ուրախությունն ու հաջողությունները: Թե բարեկամության այս երկու սահմանումից, որին նախապատվություն կտաք, հարգելի՛ տիկնայք և պարոնայք, ձեր ընտրությունն է: Բայց ես վստահաբար կարող եմ ասել՝ հայ-հունական բարեկամությունն իր իսկությունն ապացուցել է երկու դեպքում էլ:

Հարգարժա՛ն հյուրեր,

Սովորական բառերը թերևս ի զորու չեն նկարագրել, թե ինչ փորձությունների միջով է անցել հայ ժողովուրդն Օսմանյան կայսրության տիրապետության օրոք: Սակայն հույն ժողովուրդը գոնե դա շատ լավ գիտի. մեզ վիճակված է եղել կիսել պատմության այդ դառը և դաժան էջը: Շնորհակալ ենք հույն ժողովրդին, որ առաջիններից ապաստան տվեց Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին` դառնալով դժբախտության մեջ մեր ամենամեծ բարեկամներից մեկը: Այսօր այդ գաղթականների սերունդներն ապրում և ստեղծագործում են նաև Հունաստանում` ամրապնդելով մեր բարեկամությունը:

Հայ-հունական բարեկամությունը նաև ուրախության և հաջողությունների պատմություն է: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր միջպետական հարաբերությունների ուղին եղել է համագործակցության և փոխաջակցության ուղի, ինչն իր արտացոլումն է գտել երկկողմ շփումների բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային, ինչպես նաև միջխորհրդարանական և ապակենտրոնացված: Հայ և հույն զինվորականները բարձր փոխըմբռնման մթնոլորտում ծառայել են կողք կողքի հանուն մեր ընդհանուր՝ եվրոպական տարածաշրջանի անվտանգության և ապահովության:

Հայաստանը մեծապես կարևորում է իր արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը, և այս առումով նույնպես Հունաստանը մեզ համար եղել և շարունակում է մնալ շատ կարևոր գործընկեր: Հունաստանն այն երկիրն է, որ կանգնած է եվրոպական ինքնության ձևավորման ակունքներում, որի հիմքում ընկած քրիստոնեությունը Հայաստանն աշխարհում առաջինն է ընդունել որպես պետական կրոն՝ մեկընդմիշտ սահմանելով իր զարգացման հետագա ուղին:

Հարգելի՛ ներկաներ,

Կարծում եմ՝ երկու կարծիք չի կարող լինել. մեզ բախտ է վիճակվել ապրել չափազանց բարդ ժամանակաշրջանում` լի մարտահրավերներով և փորձություններով: Թեև հանգամանքները տարբեր են և մշտափոխ, բայց յուրաքանչյուր պետության կենսունակության բանաձևը մեկն է` ապահովել իր բնակչության ֆիզիկական և տնտեսական անվտանգությունը և պահպանել ժամանակի փորձությունն անցած հարաբերությունների ողջ շքեղությունը բարեկամների հետ` ջանալով, որ կարճաժամկետ շահերը չանդրադառնան դրանց վրա:

Ինչպես ասել է մեծագույն հույն մտածողներից մեկը՝ Արիստոտելը. «Բարեկամությունը մեկ ոգի է, որ բնակվում է երկու մարմնում»: Ու եթե ժողովուրդների ոգին նրանց դավանած գաղափարներն ու արժեքներն են, վստահաբար կարելի է ասել, որ հայ և հույն ժողովուրդները, բնակվելով տարբեր պետություններում, կիսում են այդ միասնական ոգին:

Ցանկանում եմ բաժակ բարձրացնել` ի պատիվ Հունաստանի Նախագահ պարոն Պապուլիասի, ի բարօրություն Հունաստանի և հույն ժողովրդի և ի փառս հայ-հունական հարատև բարեկամության: Եվ ինչպես հույներն են ասում՝ յասաս (հունարեն կենաց)»:

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ հյուրընկալության համար` Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասն իր բաժակաճառում նշել է, որ մշակութային մերձավորությունը և ամուր պատմական բարեկամական կապերը միավորում են հույներին և հայերին: Դարերի ընթացքում անցնելով փորձությունների միջով՝ այդ կապերը, Հունաստանի Նախագահի խոսքով, ամրապնդվել են, ինչն էլ երկու ժողովուրդների մտերմության հիմքն է դարձել:

Իր խոսքում Նախագահ Պապուլիասն անդրադարձել է Պոնթոսի հույների տառապալից անցյալին, այդ համատեքստում հիշատակելով Հայոց ցեղասպանությունը: «Մենք հպարտ ենք, որ Հունաստանն այն քիչ երկրներից էր, որ ապաստան տվեց ջարդերի զոհ դարձած հայերին, բայց նաև առաջիններից մեկն էր, որ ճանաչեց հայ ժողովրդի ցեղասպանությունը: Վերջերս Հունաստանի խորհրդարանը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենք ընդունեց»,- ընդգծել է Կարոլոս Պապուլիասը:

Նախագահը խոսել է Հունաստանում հայկական համայնքի և Հայաստանում հունական համայնքի մասին, նշելով, որ երկու համայնքներն էլ հանդիսանում են ամուր օղակներ Հունաստանի և Հայաստանի միջև և նպաստում երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

«Այսօրվա մեր բանակցությունները ևս մեկ անգամ վերահաստատում են մեր երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր և արդյունավետ մակարդակը, որոնց բնորոշ է փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը:

Պարո՛ն Նախագահ,

Ինչպես ես այսօր հնարավորություն ունեցա Ձեզ տեղեկացնելու, մեր տնտեսական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի: Իմ երկրում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, որոնք փաստացի դրական ազդեցություն ունեն գործարար միջավայրի վրա և ի հայտ են բերում համագործակցության լուրջ հնարավորություններ:

Ուզում եմ հավատալ, որ մեր առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացումը դրական հեռանկարներ ունի, ինչի մասին վկայում է Հայաստանից և Հունաստանից գործարարների մասնակցությունը գործարար համաժողովին:

Կրթության ոլորտում մեր հարաբերությունները զարգանում են արագ, ինչը երևում է մեր երկրների բարձրագույն կրթական հաստատությունների համագործակցությունից, ինչպես նաև հայ ուսանողներին Հունաստանի կրթական հաստատություններում սովորելու համար տրվող կրթաթոշակներից:

Ես շատ ուրախ եմ, որ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում և Երևանի պետական համալսարանում գործում են հունարեն լեզվի դասավանդման բաժիններ:

Միևնույն ժամանակ, կարևորում ենք, որ Ձեր երկրի զինված ուժերում ծառայում են հունական ռազմական հաստատություններն ավարտած սպաներ:

Պարո՛ն Նախագահ,

Դուք գիտեք, որ հույները և Հունաստանը կապված են Կովկասի հետ դարերից եկող պատմական կապերով: Ամեն կերպ աջակցում ենք տարածաշրջանի անվտանգության և կայունության ամրապնդմանը՝ հավատալով, որ այն կնպաստի տարածաշրջանային համագործակցությանն ու տնտեսական աճին:

Իր արտաքին քաղաքականությունում Հունաստանը միշտ ուղղորդվում է տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու սկզբունքով՝ միջազգային օրենքի հիման վրա և, անշուշտ, դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Համարում ենք, որ խնդիրը լուծելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ամենանպատակահարմարն է: Մեծ հետաքրքրությամբ հետևում ենք վերջերս տեղի ունեցող զարգացումներին: Ցանկանում ենք, որ հակամարտությունն արագ լուծում ստանա, որը կլինի կենսունակ, իրական և գործնական՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա և կբխի կողմերի իրավական շահերից ու պահանջներից:

Հունաստանը, որպես Եվրոպական միության անդամ, հաստատակամորեն սատարում է Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: Հայաստանը մի երկիր է, որն ունի մշակութային եվրոպական պատմական արմատներ և ավանդույթներ:

Հունաստանը միշտ հատուկ ուշադրություն է դարձրել իր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալուն, ինչպես նաև Բալկանյան տարածաշրջանին, որտեղ նա գտնվում է:

Ինչպես ես այսօր նշեցի մեր հանդիպման ժամանակ՝ Արևմտյան Բալկանների անդամակցությունը Եվրոպական միությանը՝ հունական արտաքին քաղաքականության ռազմավարական նպատակն է: Այդ տեսլականն իրականացնելու համար անհրաժեշտ է բարիդրացիական հարաբերություներ հաստատել տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,-ասել է Հունաստանի Նախագահը՝ այդ համատեքստում խոսելով Թուրքիայի հետ իր երկրի հարաբերությունների մասին: Նա անդրադարձել է նաև Կիպրոսի հիմնախնդրին, ներկայացրել իր երկրի դիրքորոշումը:

«Պարո՛ն Նախագահ,

Ես վստահ եմ, որ մեր երկու երկրները օգուտ կքաղեն այսօրվա հանդիպման ջերմ մթնոլորտից՝ ավելի խորացնելով և ամրապնդելով մեր համագործակցությունը:

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ բաժակ եմ բարձրացնում՝ մաղթելով Ձեզ և Ձեր մտերիմներին առողջություն, հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ առաջընթաց բոլոր ոլորտներում»,- իր բաժակաճառում ասել է Կարոլոս Պապուլիասը:

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը՝ աջակցել Հայաստանի Հանրապետությանը․ նախագահ

ՀՀ նախագահ (archived)

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը՝ աջակցել Հայաստանի Հանրապետությանը․ նախագահ

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Պաշտոնական

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

Պաշտոնական

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում