Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ (Վատիկան):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Սերժ Սարգսյանը Վատիկանում առանձնազրույց կունենա Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ, այնուհետ կհանդիպի Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ:

Հանրապետության Նախագահը Վիտտորիանո թանգարանային համալիրում կմասնակցի «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որտեղ հանդես կգա ելույթով:

Նախագահը կայցելի նաև Սան Բարտոլոմեո (Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ: Եկեղեցու գլխավոր խորանի առջև Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ կդնի և հարգանքի տուրք կմատուցի նահատակների հիշատակին:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կայցելի Վատիկանյան թանգարաններում հայկական միջնադարյան խաչքարի մշտական ցուցադրության սրահ:

Նախատեսվում են նաև հանդիպումներ Սան Էջիդիո քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների և Սուրբ Աթոռի կուրիայի (վարչական մարմնի) կարդինալների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում