Քաղաքականություն

Սահմանադրական բարեփոխումների քննարկումներում ընտրվել է կառավարման խորհրդարանական մոդելը

3 րոպեի ընթերցում

Սահմանադրական բարեփոխումների քննարկումներում ընտրվել է կառավարման խորհրդարանական մոդելը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկումներն անցել են Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու փուլ: Հոկտեմբերի 15-ին այն նաեւ կներկայացվի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը` հավելելով, որ վերջին տարբերակում լուրջ փոփոխություններ են իրականացվել և որպես պետական կառավարման ձև ընտրվել է խորհրդարանականը:

«Այս մեկ տարվա ընթացքում կարողացանք մշակել հայեցակարգի նախագիծ և դնել հանրային քննարկման: Ամփոփել ենք նաև դիտողությունները, որոնք արվել են հանրային քննարկումների ընթացքում, և դրանք պատրաստ ենք սեպտեմբերի 19, 20, 21-ին Փարիզում ներկայացնել Վենետիկի հանձնաժողովում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներին: Այնուհետև հոկտեմբերի 15-ին հայեցակարգը կներկայացվի ՀՀ նախագահին»,-ասաց Գևորգ Դանիելյանը:

Նրա գնահատմամբ` քննարկումներն ընդհանուր առմամբ արդյունավետ են անցել, թեև որոշ վերապահումներով: Մասնավորապես, բավարար չափով չեն արդարացվել ակնկալիքները քաղաքական քննարկումների մասով: Դանիելյանը հույս հայտնեց, որ գալիք փուլում դրանք շատ ավելի արդյունավետ կլինեն` հայտնելով, որ սեպտեմբերի 16-ին «Ժառանգություն» կուսակցությունն արդեն քննարկումներ իրականացնելու նախաձեռնություն է ցուցաբերել :

Դանիելյանը նաև չհիմնավորված համարեց պնդումները, թե սահմանադրական բարեփոխումները միտված են գործող իշխանության վերարտադրմանը:

«Եթե կա մի քաղաքական ուժ, որը վստահ է, որ կանոնները փոխվելու դեպքում հաջողության կհասնի, ապա սա հենց այն նախագիծն է, որն իրենց անհրաժեշտ է: Հակառակը, այս հայեցակարգով դյուրին ընթացակարգ չի նախատեսվում իշխանության համար՝ վերարտադրվելու առումով»,-նշեց Գևորգ Դանիելյանը:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը դրված էր հանրային քննարկման,որը մեկնարկել էր մայիսի 20-ին: Հայաստանի քաղաքական կուսակցությունների հետ քննարկումները անցկացվել են հունիսի 5-ին և 6-ին: Հանրային լսումներ եղել են բոլոր մարզերում, փորձագիտական տարբեր շրջանակների հետ: Քննարկումները կազմակերպվել են ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) աջակցությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում