Տնտեսություն

Ասիական զարգացման բանկը Հայաստանի էներգետիկ ոլորտին 37 մլն դոլարի վարկ կտրամադրի

3 րոպեի ընթերցում

Ասիական զարգացման բանկը Հայաստանի էներգետիկ ոլորտին 37 մլն դոլարի վարկ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրաէներգիայի «Ագարակ- 2» և «Շինուհայր» ենթակայանները կվերանորոգվեն Ասիական զարգացման բանկի տրամադրած ֆինասավորման միջոցով: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն Ասիական զարգացման բանկի հետ ստորագրվեց «Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայագիրը, որով Հայաստանին կտրամադրվի 37 մլն դոլարի ֆինանսավորում: Համաձայնագրի ստորագրման արարողակագի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել վերահսկման և տվյալների ձեռքբերման SCADA և էներգիայի կառավարման համակարգերը, ինչպես նաև վերակառուցել 220 կՎ «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանները: «Արդեն իսկ ներդրված SCADA համակարգը լիարժեք գործող ու արդյունավետ դարձնելու նպատակով նախատեսվում է լրացուցիչ տեղադրել շուրջ 200 կմ օպտիկամանրաթելային մալուխ, զգալիրեն ավելացնել SCADA համակարգից օգտվողների քանակը, արդիականացնել գոյություն ունեցող ծրագրային փաթեթեը և ստեղծել հարևան երկրների հետ միջսերվերային փոխանակման հանարավորություն: Վարկային ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետության էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:

Միաժամանակ ստորագրվեց նաև էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման ծրագրի համաձայնագիրը` Ասիական զարգացման բանկի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության միջև: Ասիական զարգացման բանկն «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» վարկային ծրագրի նպատակների համար նախատեսվում է Հայաստանին տրամադրել շուրջ 37 մլն դոլար վարկային միջոցներ (25 տարի մարման ժամկետով, ներառյալ 5 տարի արտոնյալ ժամկետով, տոկոսադրույքը` տարեկան 2 տոկոս):

Նախորդ տարիների ընթացքում «Շինուհայր» 220 կՎ ենթակայանը մասնակիորեն վերակառուցվել է, ենթակայանում փոխարինվել են 220 կՎ լարման առաջնային սարքավորումները: Տվյալ ծրագրի շրջանակներում կփոխարինվեն երկրորդային շղթաները, ռեալական պաշտպանության և ավտոմատիկայի հնացած սարքվածները, որոնք այլևս չեն բավարարում հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի հաղորդման պահանջները:

«Ագարակ 2» ենթակայանում, որն անիջականորեն կապված է իրանական 230 կՎ լարման ցանցի հետ, նախատեսվում է տեղադրել լրացուցիչ 220/110 կՎ ավտոտրանսֆորմատոր, որն էներգահամակարգի տվյալ հատվածում կապ կստեղծի 220 և 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի միջև և հնարավորություն կտա 110 կՎ «Ագարակ - 1» ենթակայանից սնվող սպառողներին ապահովել էլեկտրաէներգիայի պահուստային սնուցմամբ: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2019 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում