Հասարակական

Միջին Արևելքի իրադրությունը տեղի հայկական դասական գաղութները նոսրացման վտանգի տակ է դրել

4 րոպեի ընթերցում

Միջին Արևելքի իրադրությունը տեղի հայկական դասական գաղութները նոսրացման վտանգի տակ է դրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր և Միջին Արևելքում տեղի ունեցող բախումների և իսլամիտ ծայրահեռականների քաղաքականության հետևանքով տեղի հայկական դասական գաղութները նոսրացման վտանգի տակ են: Օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Բեյրութի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Միջին Արևելքում այսօր տիրող ընդհանուր միտումն ապաքրիստոնեացման գործընթացն է: Արաբական գարունը դիմափոխվել է այլ զարգացումների և հիմնական վտանգն այսօր` ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում, իսլամական ծայրահեղ դրսևորումներն են, որոնք սպառնում են ինչպես տեղում ապրող քրիստոնյա բնակիչներին, այնպես էլ մյուս այլադավաններին: Ինչպես տեսնում ենք ցեղային զտման գործողություններ են կիրառվում եզդիների հանդեպ»,- ասաց Գանտահարյանը` նկատելով, որ այս գործընթացների անմիջական հետևանքը արտահոսքն է` Միջին Արևելքի հայաթափությունը:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե Մերձավոր և Միջին Արևելքում սկսված զանգվածային արտագաղթն ինչպես կազդի հայկական սփյուռքի ընդհանուր նկարագրի վրա, «Ազդակ» օրաթերթի խմբագիրը նկատեց, որ Հայաստանի Հանրապետության և հայոց պետականության գոյության պայմաններում հայապահպանման վտանգը նվազագույնի է հասցված: «Եթե նախկինում Միջին Արևելքը շատ կարևոր միջավայր էր Հայկական սփյուռքի հայապահպանման համար, ապա այսօր սփյուռքի կապը Հայաստանի հետ շատ ավելի ակտիվ է: Իհարկե, դեռ շատ բան կա անելու և Հայաստանի Հարնապետությունը, սփյուռքի կառույցները պետք է ռազմավարական, քաղաքական, մշակութային, անվտագության և լեզվական տեսանկյուններից համատեղ քննարկումներ անցկացնեն` հայկական սփյուռքն իր բոլոր ենթաշերտերով ուսումնասիրելու և նոր հեռանկարներ նախանշելու համար»,- ասաց Գանտահարյանը: Մերձավոր Արևելքի հայությունը ուղիղ կամ տարանցիկ երկրի միջոցով վերջնական արդյունքում գլխավորապես գաղթում են Եվրոպական միության երկրներ կամ Միացյալ Նահանգներ:

Լոս Անջելեսում լույս տեսնող «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Աբո Պողիկյանի խոսքով` Միջին Արևելքում տեղի ունեցող գործընթացներն ազդում են նաև Միացյալ Նահանգներում ապրող հայ համայնքների վրա: «Կալիֆորնիայի հայ համայնքը փորձում է ներգրավել նոր եկողներին, բայց հիմքը սխալ է դրված: Երբ Հայաստանից ԱՄՆ եկան առաջին արտագաղթողները, տեղի համայնքը պատրսատ չէր նրանց ընդունելու, ուստի հարաբերություններն այդքան էլ առողջ հիմքերի վրա չդրվեցին: Սակայն վերջին շրջանում համազգային որոշ խնդրիների պատճառով այն ավելի համախմբվեց»,- պարզաբանեց Պողիկյանը` նկատելով, որ նոր արտագաղթողներն իրենց ներկայությամբ ավելի են ամրապնդում հայկական գործոնն Արևմուտքում, և որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի «վնասը վերածել ինչ-որ շահի»:

Ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև օբյեկտիվ և ճշգրիտ լրատվության կարևորությանը: Բանախոսները նշեցին, որ շատ կարևոր է խուճապային լրատվությունից խուսափել: Հայաստանյան լրագրողները բարձրացրեցին Մերձավոր Արևելքի թեժ կետերից հավաստի աղբյուրի պակասի խնդիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում